News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Մոտ 300 000 տարի առաջ Երկիր մոլորակը եղել է մարդկանց մի քանի տեսակների տունը: Նրանք համագոյակցում ու միախառնվում էին։ Սակայն, ի վերջո, հաղթեց մի տեսակը՝ Homo sapiens-ը, գրում է IFLScience-ը։

Այսօր Homo sapiens-ը դեռ գերիշխում է մեր մոլորակի վրա: Բայց պատմությունը կարող է չավարտվել այսքանով: Հավանականություն կա, որ Homo sapiens-ը կարող է զարգանալ և վերածվել այլ տեսակների՝ ևս մեկ անգամ աշխարհը լցնելով բազմատեսակ հոմինիններով, հայտնում է Focus-ը։

Բնական ընտրությունը դեռ գործում է՝ ժամանակի ընթացքում ձևավորելով մեր տեսակը: Վերցնենք, օրինակ, կաթ խմելու ունակությունը: Այս հմտությունը զարգացել է միայն վերջին 10000 տարում, ինչը էվոլյուցիոն առումով համընկնում է գյուղատնտեսության զարգացման և կաթի օգտագործման հետ:

Մեկ այլ օրինակ է կեսարյան հատումների աճը։ Ծննդաբերական ուղիներով անցնող չափազանց մեծ երեխաների թիվն ավելացել է, որը, հնարավոր է,  պայմանավորված է կեսարյան հատումների լայն կիրառմամբ, որոնք պահպանում են որոշակի գեներ, որոնք հակառակ դեպքում կարող էին կորսվել ծննդաբերության ժամանակ:

Փոփոխությունները կարող են նաև ավելի քիչ նկատելի լինել, օրինակ՝ սերնդեսերունդ մազերի գույնի հաճախականության փոփոխությունները: Սա միշտ չէ, որ նոր հատկանիշների հայտնվել է նշանակում. դա կարող է պարզապես քիչ թե շատ տարածված հատկանիշ լինել:

Այս էվոլյուցիոն փոփոխությունները կուտակվում են ժամանակի ընթացքում և կարող են հանգեցնել նոր տեսակի առաջացման: Գիտնականներն այս գործընթացն անվանում են «տեսակակազմավորում», և դա կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով: Մեկը «ալոպատրիկ տեսակակազմավորումն» է, երբ բնակչությունը բաժանվում է երկու աշխարհագրորեն մեկուսացված խմբերի, որոնք ժամանակի ընթացքում տարբեր հարմարվողականություններ են զարգացնում:

Պատկերացրեք մի կղզի, որը բաժանված է գետով, որը ստեղծում է երկու պոպուլյացիա՝ բնակության տարբեր միջավայրերով: Ժամանակի ընթացքում այս պոպուլյացիաները կարող են վերածվել առանձին տեսակների: Ենթադրվում է, որ այս գործընթացն է նպաստել շիմպանզեների և բոնոբոների բաժանմանը ավելի քան մեկ միլիոն տարի առաջ, երբ Կոնգո գետը բաժանեց նրանց պոպուլյացիաները:

Կարո՞ղ է արդյոք Homo sapiens-ը նման ճյուղավորումների ենթարկվել: 21-րդ դարում դա ավելի քիչ հավանական է թվում գլոբալ փոխգործակցության աճի պատճառով: Մարդիկ պատմականորեն գաղթել են, սակայն վերջին 300 000 տարվա ընթացքում մարդկային նոր տեսակ չի առաջացել:

Սակայն, արհեստական բանականության, մարդ-համակարգիչ ինտերֆեյսների և գեների խմբագրման զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում: Գենետիկ տեխնոլոգիաները կարող են մեզ աննախադեպ վերահսկողություն տալ մեր գենոմի վրա: Թեև դա կարող է հանգեցնել դրական արդյունքների, ինչպիսին հիվանդությունների վերացումն է, սակայն կա նաև մութ կողմը, եթե այդ իշխանությունը կիրառվի  ոչ իրավահավասար՝ գենետիկորեն ձևափոխված և չձևափոխված մարդկանց երկմակարդակ հասարակություն ստեղծելով:

Մեկ  ուրիշ սցենարը ենթադրում է այլ մոլորակների գաղութացումը: Երկրի վրա աշխարհագրական գործոնները չեն կարող մեզ բաժանել, բայց Մարսի վրա բնակեցումը կարող է: Մարսի պայմանները,  այլ սննդակարգը, մթնոլորտը և ապրելակերպը կարող են էվոլյուցիոն նոր ճնշումներ ստեղծել: Ժամանակի ընթացքում այս տարանջատումը կարող է հանգեցնել մարդկային նոր տեսակի զարգացման:

Ըստ էության, մարդկային էվոլյուցիայի ապագան անորոշ է, բայց ոչ անհնարին: Անկախ նրանից, թե դա տեխնոլոգիական առաջընթաց է, թե միջմոլորակային գաղութացում, Homo sapiens-ը չի կարող լինել էվոլյուցիոն պատմության վերջը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ