News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նույն բնակավայրի 22–ամյա բնակիչը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2023թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի փողոցներից մեկում ոչ սթափ վիճակում վարել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որը հանկարծակի ծագած անսարքության պատճառով կանգ է առել նշված փողոցի տներից մեկի դիմաց։

Երբ երիտասարդը փորձել է վերացնել ավտոմեքենայի անսարքությունը, փողոցով ավտոմեքենայով երթևեկող 50–ամյա համագյուղացին, լինելով ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ է հնչեցրել՝ դժգոհելով, որ վերոնշյալ ավտոմեքենան խոչընդոտում է ճանապարհի երթևեկությունը։

Այնուհետև վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 22–ամյա երիտասարդն ավտոմեքենայից վերցրած սուր ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ երեք անգամ հարվածել է 50–ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի հատվածներին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Ամենաշատ