News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Փարիզի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում դանակով ու մուրճով հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում է BBC-ն։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ կասկածյալը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Գրենելի առափնյա շրջանում, որը գտնվում է Էյֆելյան աշտարակի մոտ։

Նա հավելել է, որ ձերբակալվել է անվտանգության ծառայություններին հայտնի Ֆրանսիայի 26-ամյա մի քաղաքացի։

Կասկածյալը մոտեցել է զբոսաշրջիկներին և մահացու վիրավորել Գերմանիայի քաղաքացուն, ասել է նա։

Այնուհետև ոստիկանները սկսել են հետապնդել տղամարդուն, նա մուրճով հարձակվել ևս երկու հոգու վրա, սակայն վնասազերծվել է էլեկտրաշոկերով և ձերբակալել: Տուժածներին օգնություն են ցուցաբերել շտապօգնության ծառայությունները։

Դարմանենը հայտնել է, որ կասկածյալը բղավել է «Ալլահ աքբար», իսկ ավելի ուշ ոստիկաններին ասել, որ վրդովված է, քանի որ «այդքան շատ մուսուլմաններ են զոհվում Աֆղանստանում և Պաղեստինում»:

Նախարարը հայտնել է, որ կասկածյալը 2016 թվականին դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ ահաբեկչություն ծրագրելու համար և եղել է Ֆրանսիայի անվտանգության ծառայությունների հսկողության ցուցակում:

Հայտնի է նաև, որ կասկածյալը տառապում է հոգեկան խանգարումներով։

Շաբաթ երեկոյան ոստիկանական գործողություն է սկսվել մետրոյի «Բիր Հաքիմ» կայարանի շրջակայքում, և իշխանությունները կոչ են արել մարդկանց խուսափել այդ տարածքում գտնվելուց:

Ահաբեկչության դեմ պայքարի դատախազությունը հայտնել է, որ ստանձնել է հանցագործության հետաքննությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է, որ իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում բոլոր տուժածներին՝ տեղի ունեցածն անվանելով «ահաբեկչական հարձակում»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ