News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել : Հայտնում են «Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:

«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին:

Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները 

Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք 

Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին 

Հ.Գ. «Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education -ի կողմից»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա  հիմնադրամի և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։

«Հայասաթ-1» արբանյակը CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է, այն զինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։ 

Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով  տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU), որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։

Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ