News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի 100 խոշոր ընկերությունների զենքի վաճառքի եւ ռազմական ծառայությունների ընդհանուր հասույթը 2022թ. նվազել է 3,5 տոկոսով՝ 2021թ. համեմատ, չնայած Ուկրաինա Ռուսաստանի լիածավալ ներխուժմանը։ Այս մասին է վկայում Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցը։ Այդ ընկերությունները վաստակել են 597 մլրդ դոլար, տեղեկացրել է DW-ն։

Վերլուծաբանները նշել են, որ հասույթի նվազումը կապված է նախ ամերիկյան ընկերությունների հետ. ԱՄՆ 42 ներկայացուցիչ 2022-ին վաստակել է 7,9 տոկոսով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։

Եվրոպական ընկերությունները գրանցել են ոչ մեծ աճ՝ 0,9 տոկոսով։ Ասիայի եւ Օվկիանիայի զենք արտադրողները վաճառքն ավելացրել են 3,1 տոկոսով եւ երկրորդ տարին անընդմեջ առաջ են անցնում եվրոպացի մրցակիցներից տարեկան հասույթի ցուցանիշով՝ 134 մլրդ դոլար ասիական, 121 մլրդ դոլար՝ եվրոպական ընկերություններ։ «Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Թայվանի ընկերությունները շահել են մշտական պետական ներդրումներից զինված ուժերի արդիականացման հարցում»,- նշել է SIPRI-ի ծրագրի հետազոտող Սյաո Լյանը։

Առանձին ընկերություններից ռեկորդակիրը թուրքական ավիաշինարարական Baykar ընկերությունն է, որն արտադրում է Bayraktar անօդաչուները։ Նա գրեթե կրկնապատկել է իր հասույթը 2022թ.։ «Ընկերությունները, որոնք մասնագիտացած են տեխնոլոգիապես ոչ այնքան բարդ արտադրանքի ոլորտում, կարողացել են ավելի արագ ավելացնել արտադրության ծավալները՝ ի պատասխան պահանջարկի կտրուկ աճի։ Որպես օրինակ կարելի է նշել թուրքական Baykar ընկերությունը, որն արտադրում է Bayraktar TB-2 անօդաչուն։ Baykar-ն առաջին անգամ մտել է թոփ-100 այն բանից հետո, երբ նրա եկամուտները զենքի վաճառքից ավելացել են 94 տոկոսով»,- նշել է SIPRI-ի ավագ գիտաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան։

Զենքի չորս գերմանական արտադրող ընկերություն գրանցել է ոչ մեծ դրական տեղաշարժ՝ 1,1 տոկոսով։ Rheinmetall, Hensoldt եւ Diehl ընկերությունները կարողացել են առանձին-առանձին ավելացնել իրենց հասույթը 6-13 տոկոսի շրջակայքում, իսկ ThyssenKrupp-ը, հակառակը, 2022-ին վաստակել է 16 տոկոսով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։

Միայն երկու ռուսական ընկերություններ են հայտնվել SIPRI-ի թոփ-100-ում՝ «Ռոստեխը» եւ «Միավորված նավաշինական կորպորացիան»։ Հետազոտողները դա բացատրում են ռուսական պաշտպանական արդյունաբերության թափանցիկ չլինելով եւ հասանելի տվյալների բացակայությամբ։ Զենքի վաճառքի ընդհանուր հասույթը այդ ընկերություններում 2022թ. նվազել է 12 տոկոսով։

Ինչո՞ւ մեծ պահանջարկը Ուկրաինայում պատերազմի ֆոնին չի հանգեցրել հասույթի ակնթարթային աճի։ SIPRI-ում դա բացատրում են մի քանի գործոններով։ Ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների մեծ մասը չի կարողացել արագ ավելացնել արտադրական հզորությունները աշխատուժի անբավարարության, ծախսերի աճի եւ մատակարարումների շղթայի խափանումների պատճառով, որոնք խորացել են Ուկրաինայում այդ նույն պատերազմի հետեւանքով։ Բացի այդ, շատ երկրներ նոր պատվերները տեղափոխել են տարեվերջ, եւ դա անդրադարձել է այդ ընկերությունների եկամուտների վրա։

Միեւնույն ժամանակ,  դեռ չկատարված պատվերները եւ նոր պայմանագրերի կտրուկ աճը վկայում են, որ առաջիկա մի քանի տարիներին զենքի վաճառքի համաշխարհային եկամուտները կարող են զգալիորեն ավելանալ, համոզված են SIPRI-ում։ «Շատ ընկերություններ բախվել են դժվարությունների բարձր ինտենսիվության պատերազմի անցման պատճառով։ Սակայն ստորագրվել են նոր պայմանագրեր, մասնավորապես՝ զինամթերքների մատակարարման մասին, ինչը կհանգեցնի եկամուտների աճի 2023թ. եւ հաջորդ տարիներին»,- ամփոփել է SIPRI-ի հետազոտող Լյուսի Բերո-Սուդրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ