News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է սահմանել իրավական հիմք՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն (հիշյալ որոշումը մինչ այժմ նորմատիվ հիմք չունի), ինչպես նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ պայմանավորված՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռևս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որևէ երկրի քաղաքացիություն ու դիմում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, ինչպես նաև նախատեսվում է հստակեցնել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են անչափահասների՝ քաղաքացիություն ստանալուն:

Հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, կարևորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ