News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Օրեր առաջ ես դիմել եմ կառավարությանը, որպեսզի Ալավերդու ավագանին լուծարվի, լինեն նոր ընտրություններ, դեռեւս չեն պատասխանել, երեւի չեն ուզում պատասխանել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդիում լրագրողների հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը:

Նշենք, որ այսօր Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության գործընթաց է սկսել եւ ցանկանում է ազատվել համայնքապետից, որը «Ապրելու երկիր» կուսակցությունից է:

Բանն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ միացել ՔՊ-ի թիմին, ինչը հնարավորություն է տալիս ավագանու նիստ գումարել եւ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին:

«Հիմա ներսում են միայն ՔՊ խմբակցության անդամները, Սիմոն Զախարովը եւ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Որեւէ հիմք չեմ տեսնում, որ պատգամավորը լինի ավագանու նիստին: Նույնիսկ ավագանու անդամներին թույլ չեն տալիս ներս մտնել:

Առավոտյան ժամը 6.30-ին, ոստիկանության միջնորդությամբ ամբողջ իրենց խմբակցությունը ներս է մտել: Իսկ հիմա թույլ չեն տալիս ավագանու մեր անդամներին ներս գալ, նաեւ համայնքապետարանի աշխատակիցներին»,-ասաց Թամասյանը:

«Նույն Արեն Մկրտչյանը գովասանքով էր խոսում իմ մասին, բայց քանի որ ինքն էր համայնքի ղեկավարի թեկնածուն ՔՊ-ի կողմից, իսկ ՔՊ-ն պարտվեց, ամեն ինչ իր համար փոխվեց: 

Բռնի ուժով նիստ կայացնելը օրենքի խախտում է, նման բան Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում: Մենք իրենց ներկայացրել ենք, որ իրավունք չունեք նման գործողություն կատարելու, բայց բռնի ուժ կիրառելով եւ ոստիկանության միջամտությամբ փորձելու են ամեն ինչ անել»,-ասաց Թամազյանը:

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ՔՊ-ն տպալում է ավագանու նիստերը, իսկ այսօր արդեն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել:

Հիշեցնենք, որ այսօր  ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։

Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

ՔՊ-ն ցանկանում է համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Նա նախկին ՀՀԿ-ական է, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: 

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված համայնքապետարանի շենքի դիմաց, նրանք վանկարկում են՝ «Թամազյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ