News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Իշխող քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ թույլ չտվեց ընդդիմության  կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի նիստում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնության առաջարկած օրինագծին, որի օրակարգ մտնելուն ՔՊ-ն դեմ քվեարկեց:

«Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված  քայլ է»,- ասաց նա՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: 

Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց․ «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների նախագահ մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեությունը։

Իսկ ես ինչ եմ գտնում որպես ԱԺ նախագահ, կարծում եմ օրենքից վեր չի կարող լինել։ Հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, որ օրենքով նախաձեռնված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել նիստի օրակարգ»։

Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանը խոսքերը շանտաժ որակեց։

«Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, սպանել հանձնաժողովների մակարդակում»,- ասաց պատգամավորը։

Ալեն Սիմոնյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Խաչատյանի հարցադրման հետ՝ նշելով, որ կան շատ օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։

ԱԺ նախագահն ասաց, թե հանրությունը սպասում է, որ հասկանա` ո՞րն է այն օրակարգը, որով ընդդիմությունը մի պահ վերադարձավ ԱԺ, հետո հեռացավ, հետո նորից եկավ: «Հարցերի պատասխանները ձեր մեջ քննարկեք ու ընտրողներին ներկայացրեք», - նշեց Սիմոնյանը:

Նա կարծում է, որ ՔՊ-ին ընտրողները գոհ են իրենց ընտրությունից: ԱԺ նախագահն ասաց,  որ Հայաստանի համար կարևոր է ունենալ գործող ընդդիմություն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց`  նախ պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները:

«Իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը: Արդյոք չեք մտածո՞ւմ, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ընդգծեց Մինասյանը:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ: «Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու,  մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում», - նշեց Սիմոնյանը` շեշտելով` իրենք իրենց ընտրողների հետ կխոսեն 2026 թվականին:

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

Այսօրվա նիստում ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին՝ կողմ 26, դեմ 57: Դեմ քվեարկեց ՔՊ-ն:

Տպել
Ամենաշատ