News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Չեմ հասկանում՝ որտեղից է այն խոսույթը, որ ՀՀ-ի որևիցե իշխանավոր չի օգտագործում Արցախ արտահայտությունը, չգիտեմ որտեղից եք վերցրել դրա օրինակը, բոլոր պետական պաշտոնյաներն էլ դա օգտագործում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինչ վերաբերում է «Հայաքվե» նախաձեռնությունը տապալելուն՝ մենք ձեզ փրկում ենք պարոն Մինասյան, մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն եք և դեմք պահպանելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է։ Ձեր ընկալմամբ՝ երբ այս օրենքը ընդունվի, մեր դաշնակից ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»,- ասաց Սիմոնյանը։

Տեղից արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանն ասաց՝ «ձեզնից հետո՝ բոլորին»։

«Բոլորի՞ն, այսինքն կարող ենք ֆիքսել, որ «Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքը ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր։

Շնորհակալ եմ այդ արձանագրության համար, թե չէ մարդիկ ասում են դուք պրոռուսական ընդդիմություն եք, ինչին ես այդքան էլ չէի հավատում։

Ինչ վերաբերում է աթոռը պահելուն, գիտեք ինչ՝ այդ աթոռը այն աթոռը չէ, որին դուք սովոր եք, դուք էլ դա լավ գիտեք, որովհետև եթե այդպես չլիներ, դուք կուզենայիք արտահերթ ընտրություններ անցկացնել և ինքներդ գայիք իշխանության,  այլ ոչ թե ինչ-որ կոմիտե ձևավորեիք։

Դուք էլ եք հասկանում չէ, որ հիմա իշխանություն լինելը ամենամեծ «խաչն» է, որը այսօրվա իշխանությունը տանում է, ու որևէ մեկը այստեղ կառչած չէ դրանից։

Հակառակը, փորձում ենք ամեն ինչ անել, որ հաջորդ իշխանությունը այդ խնդիրները չունենա։ Հուսամ կգնահատեք այն բանը, որ մենք ձեզ օգնեցիք դուրս գալ այս հերթական ծուղակից, որի մեջ ընկել էիք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

Այսօրվա նիստում ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին՝ կողմ 26, դեմ 57(ՔՊ-ական պատգամավորներ) , ձեռնպահ 1: 

Տպել
Ամենաշատ