News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի երկու բնակիչների դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների նախաքննությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից: 

«Դեպքերից մեկի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 32–ամյա բնակիչը, 2023թ. օգոստոսի 7-ին քրոջ ամուսնու տանը մասնակցելով քրոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված արարողությանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս ամուսնու հետ և հեռացել: Որոշ ժամանակ անց վերադառնալով՝ 32–ամյա տղամարդը նշված տան դիմաց շարունակել է վիճաբանությունը, որի ընթացքում սուր ծակող-կտրող առարկայով հարվածել է քրոջ ամուսնու որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: 

Մյուս դեպքի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ 2023թ. ապրիլի 30-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում տեղի ունեցող մկրտության արարողության ժամանակ, Արմավիրի մարզի 23 և 38–ամյա բնակիչները զրուցել են կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում երիտասարդը դիտողություն է արել 38–ամյա տղամարդուն, և նրանց խոսակցությունը վերաճել է վիճաբանության։ Այնուհետև տեղափոխվելով նշված սրահից մոտ 100 մետր հեռավորությամբ գործող մարզասրահի մոտ՝ 23–ամյա երիտասարդը, մի խումբ անձանց հետ, և 38–ամյա տղամարդը, իր 27–ամյա եղբոր և մի խումբ անձանց հետ, կատարել են խուլիգանություն՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, խախտելով հարակից շենքերի բնակիչների անդորրը, խափանելով մկրտության արարողությունը և խոչընդոտելով հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը։ 

Կողմերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում 27–ամյա երիտասարդը դանակի գործադրման սպառնալիքով կատարել է խուլիգանություն, այնուհետև դիտավորությամբ հարվածել է 23–ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա եղբայրներից մեկին՝ Արմավիրի մարզի 38–ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 27–ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 23–ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 

Երկու դեպքերով, վերոնշյալ 4 մեղադրյալների մասով, նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Նշված երկրորդ դեպքով մի խումբ այլ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ