News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած՝ «Տարածաշրջանային նոր իրողությունները և Խաղաղության խաչմերուկը» համաժողովին մասնակցում էր նաեւ թուրքական TGRT լրատվական գործակալության արտաքին նորությունների բաժնի տնօրեն Էմրե Դիները։ NEWS.am-ը նրա հետ զրուցել է տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ այդ հարցում Թուրքիայի գործոնի վերաբերյալ։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն՝ ամբողջությամբ։

Պարոն Դիներ, ինչով եք կարեւորում ձեր մասնակցությունը այս քննարկմանը։

Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը, բոլոր պաշտոնյաներին, ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Կարծում եմ՝ այս համաժողովի անցկացումը շատ կարևոր է, քանի որ հայ և թուրք ժողովուրդները, հայ և թուրք պաշտոնյաները քննարկումներ են ունենում խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պետք է լուծել խնդիրները, որովհետև մենք հարևաններ ենք։ «Միջին միջանցքը» չափազանց կարևոր է Հայաստանի և Թուրքիա, կարծում եմ նաև՝ Ադրբեջանի հետ մերձեցման համար։ Մենք պետք է մի կողմ դնենք վատ բաները, վատ խոսքերն ու շարունակենք կարգավորել հարաբերությունները։

Ինչպե՞ս եք Դուք դա հնարավոր համարում, երբ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ուժով բացելու մասին, իսկ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ այն եղբայրական պետություն անվանելով։

Դուք գիտեք, որ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են, բայց երկուսն էլ գիտեն՝ որպեսզի ապագայում Կովկասում խաղաղություն լինի, մենք պետք է լուծենք խնդիրները Հայաստանի հետ։ Դա առավելություն կընձեռի՝ քաղաքական, տնտեսական, նաև զբոսաշրջության ոլորտում։ Միջանցքը շատ կարևոր է երեք երկրների համար տնտեսական առավելությունների տեսանկյունից, և երեք երկրներն էլ հասկանում են, որ պետք է լուծեն խնդիրները, կարգավորեն հարաբերությունները և մերձենան միմյանց։

Միջանցք ասելով նկատի ունեք Ադրբեջանը Նախիջևանին կապող հնարավոր ուղի՞ն։

Այո, բայց մեր նախագահը՝ Էրդողանը մշտապես ասում է, որ այդ ճանապարհը ներառելու է նաև Հայաստանն ու Իրանը․․․

Խնդիրն հետեւյալն է՝ Հայաստանը շարունակաբար ասում է, որ այդ ճանապարհի ամեն հատված պետք է տվյալ երկրի ինքնիշխանության ու վերահսկողության տակ լինի, բայց Ադրբեջանն արտատարածքային միջանցք է պահանջում։

Այո, ես գիտեմ դա, բայց ես քաղաքական գործիչ չեմ, լրագրող եմ։ Նրանք իրար հասկանում են, ես հավատացած եմ դրանում։ Թվում է՝ ամեն ինչ շատ բարդ է, անհնար է, բայց անհնար բան չկա։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մշտապես քննարկում են այս հարցերը։ Որոշ հարցերում երբեմն դանդաղ է առաջընթաց լինում, բայց, հավանաբար, դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ես իսկապես հավատում եմ, որ ի վերջո մեր երկրները լավ հարևաններ կլինեն Կովկասում։

Դուք TGRT լրատվական գործակալության միջազգային նորությունների բաժնի տնօրենն եք։ Կուզեի իմանալ՝ ինչպե՞ս եք դուք լուսաբանում Հայաստանին առնչվող լուրերը։ Ադրբեջանը արտատարածքային միջանցք է պահանջում Հայաստանից, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, դուք էլ Թուրքիայից եք։ Ինչպե՞ս եք լուսաբանում այս թեմաները, ինչպե՞ս եք փորձում անաչառ մնալ։

Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ կուսակցական, ոչ էլ դեսպան, ես լրագրող եմ։ Մենք մշտապես լուսաբանում են զարգացումները Կովկասում, օրինակ՝ երկու շաբաթ առաջ եմ վերադարձել Գազայից, որտեղ պատերազմ է հիմա։ Ղարաբաղյան պատերազմը շատ վատ բան էր տարածաշրջանի համար․․․

Եվ Թուրքիան այն երկրների մեկն էր, որը հնարավոր դարձրեց այդ պատերազմի սանձազերծումը․․․

Ներեցե՞ք․․․

Թուրքիան այն երկրների մեկն էր, որը հնարավոր դարձրեց այդ պատերազմի սանձազերծումը, հնարավոր դարձրեց այդ աղետը։

Շատ հայեր են ապրում իմ երկրում։ Ես շատ հայ հարևաններ ունեմ այն շենքում, որտեղ ապրում եմ։ Օրինակ՝ մեր ավտոկայանատեղիի սեփականատերը հայ է։ Մենք կարողանում ենք հասկանալ միմյանց, հաց կիսել իրար հետ, կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Որոշ երկրներ, որոնց անունը չեմ տա, ըստ իս, չեն ցանկանում, որ այստեղ խաղաղություն հաստատվի․․․

Ո՞ր երկրները նկատի ունեք։

Ոչ, ես չեմ ցանկանում խոսել դրա մասին․․․

Դուք այստեղ եք որպես փորձագետ։

Ոչ, ես չեմ ցանկանում այդ երկրների անունները նշել, կարծում եմ՝ դուք էլ գիտեք՝ որ երկրների մասին է խոսքը։

Դուք նկատի ունեք Ֆրա՞նսիան։

Այո, գուցե Ֆրանսիան, գուցե՝ Ռուսաստանը, և այլն։ Դուք գիտեք՝ որ երկրների մասին է խոսքը։

Նկատի ունեք բոլոր այն երկրները, որոնք օգնու՞մ են Հայաստանին։

Ուզում եմ ասել, որ որոշ երկրներ չեն ուզում՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ լինեի, գիտեք՝ որոնք են այդ երկրները։ Երեք երկրները պետք է միասին լինեն Հարավային Կովկասում անվտանգության և ապագայի համար, քանի որ Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և «Միջին միջանցը» շատ կարևոր է և հնարավորություն է տալիս Հայաստանին, Թուրքիային և Ադրբեջանին միասին լինել։

Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ունենալ Հայաստանի տարածքի նկատմամբ։  Հայաստանի արտգործնախարարը ընդամենը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանի ամբողջ տարածքն է հիմա Ադրբեջանի թիրախում։ Մոտ ապագայում խաղաղության հասնելու հնարավորություն տեսնու՞մ եք։

Այո, ես գիտեմ Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի պահանջներն Ադրբեջանի նկատմամբ․․․

Հայաստանը նման պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։

Օրինակ եմ բերում․․․ Հետևյալն եմ ուզում ասել․․․ մենք ուզում ենք տեսնել արդյունքը։ Եթե ուզում ենք այստեղ խաղաղություն լինի, պետք է դրա վրա կենտրոնանանք։ Ադրբեջանն ասել է այդ մասին, Հայաստանն ասել է, Թուրքիան էլ է ասել, բայց դա չէ կարևորը՝ մենք ոչինչ չենք լսում․․․ երեք երկրները պետք է կենտրոնանան խաղաղության վրա․․․

Հայաստանի քաղաքացիները, մշտապես տեսնելով այս պահանջները, ինչպե՞ս կարող են կենտրոնանալ խաղաղության վրա։

Գիտեմ, գուցե դա շատ բարդ է երկրի, Ձեր համար, բայց Ադրբեջանն ու Հայաստանը պետք է խոսեն բոլոր խնդիրների մասին, բայց միայն իրար հետ, այլոք չպետք է մասնակցեն այդ հանդիպումներին, բանակցություններին։ Ենթադրենք՝ մենք հարևան բնակարաններում ենք ապրում, և ինչ-որ խնդիր է ծագում։ Ի՞նչ ենք անելու՝ խոսելու ենք խնդի մասին, և կողքից երրորդ մի անձ գա ասի՝ ինչ եք խոսում, ինչու, և այլն․․․ ոչ, դա սխալ է՝ միայն երկու հարևանները պետք է խոսեն միմյանց հետ, և որևէ այլ մեկը չպետք է խառնվի դրան։ Ես հավատում եմ, որ հնարավոր է այստեղ խաղաղություն հաստատել։ Իմ երկրի նախագահը մշտապես ասում է, որ պետք է խաղաղ ապրենք Հայաստանի և Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում։

Բայց կարծում եք դա հնարավո՞ր է այն պայմաններում, երբ Թուրքիային հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս թեման, կարծես, ուշադրությունից դուրս է մնացել, բայց այն չափազանց  կարեւոր է։

Թուրքիան լավ հարաբերություններ է հաստատում։ Հարգելի պարոն Փաշինյանը եկավ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը, գիտեք։ Սա շատ լավ պահվածք էր Հայաստանի կողմից։ Բացի այդ, Ալիջան-Մարգարա սահմանային անցակետը բացվեց հումանիտար օգնության համար, երբ նախորդ տարի երկրաշարժ եղավ։ Կարծում եմ՝ սա շատ լավ վերաբերմունք էր։

Ձեր անձնական կարծիքը ո՞րն է, որ Թուրքիան ի վերջո պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Այո։ Եվ օրինակ՝ Թուրքիան, Հայաստանը և Արդբեջանը կարող են ապագայում լավ գործընկերներ լինել։

Այն բանից հետո, երբ Թուրքիան ճանաչի՞ Ցեղասպանությունը։

Այո, երբ ճանաչի։

Տպել
Ամենաշատ