News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է օգտվել ՌԴ-ի հետ ազատ առևտրի բոլոր հնարավորություններից, ինչի պարբերական ձախողումներին հաճախ ականատեսն ենք լինում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարությւոնների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Արձանագրելով, որ առկա են բազմաթիվ չհաղթահարված խոչընդոտներ՝ ԵՄ անդամ երկրներ հայկական արտահանման համար՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե այդ ամենը բացառապես կոտրվում է արտահանողների գլխին՝ բոլոր ռիսկերով և բացասական հետևանքներով։

Ավետիսյանը հիշեցրեց, որ արտահանման աշխարհագրական և ապրանքային կառուցվածքի բարելավումը, պետական աջակցության թիրախային ծրագրերի իրականացումը, գործընկեր երկրների հետ առևտրի խոչընդոտների հետեւողական վերացումը կառավարության արտաքին տնտեսական քաղաքականության նպատակներն են, ոչ թե շահույթի ձգտող տնտեսվարող սուբյեկտների հիմնական անելիքը։

Պատգամավորի բերած թվերով 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումը հասել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլարի, որի շուրջ 46 %-ը՝ դեպի Ռուսաստան։ 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 %-ով, իսկ դեպի ՌԴ արտահանումն աճել է 3 անգամ։ 2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը ևս աճել է՝ 6,5 տոկոսային կետով։

«Հաջորդը՝ 2022 թվականին Հայաստանից շուրջ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել դեպի Ռուսաստան։ Արտահանման ապրանքային կառուցվածքի առաջին եռյակում են՝ մեքենաները և սարքավորումները, պատրաստի սննդի արտադրանքը, տրանսպորտային միջոցները։ Այս երեք ապրանքային խմբերի գումարային արտահանումը կազմել է շուրջ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի շուրջ 56 %-ը։ Ընդ որում՝ Ռուսաստան վերարտահանվել են այլ երկրներից ներմուծված 310 միլիոն ԱՄՆ դոլարի ավտոմեքենաներ, որը կազմում է ընդհանուրի 13 %-ը»,-վիճակագրական տվյալներ ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանից շուրջ 773 միլիոն ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել դեպի ԵՄ անդամ երկրներ, որն ավելի քան 3 անգամ զիջում է դեպի Ռուսաստան Հայաստանից արտահանման ծավալներին։

«Արտահանման ապրանքային կառուցվածքի առաջին եռյակում են՝ ոչ թանկարժեք մետաղները և իրերը, հանքահումքային արտադրանքը, մանածագործական իրերը։ Այս երեք ապրանքային խմբերի գումարային արտահանումը կազմել է 677 միլիոն ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի շուրջ 88 %-ը»,ասաց Ավետիսյանը և եզրակացրեց, որ դեպի Ռուսաստան և դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ապրանքային կառուցվածքի հիմնական ուղղություններում չկա համընկնում, դրամք արմատապես տարբեր են։

«Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է, որ զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը, մեկը մյուսով փոխարինելու ձախողակ փորձերը՝ գործող իշխանության նեղ կուսակցական-քաղաքական խմբակային շահերով պայմանավորված, ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Տպել
Ամենաշատ