News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Բայդենի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել իր դաշնակցի վրա, որպեսզի նվազագույնի հասցնի զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, բայց միաժամանակ միջոցներ (ինչպիսին են ռազմական օգնությունը սահմանափակելու սպառնալիքները) չի ձեռնարկում, որոնք կարող էին ստիպել դաշնակցին լսել իրեն, գրել է Reuters-ը։

ԱՄՆ բարձրագույն պաշտոնատար անձինք, այդ թվում փոխնախագահ Քամալա Հարիսը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հրապարակայնորեն Իսրայելին կոչ են արել «վիրաբուժական» հարձակում կատարել հարավում՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար։

Չնայած դրան՝ Գազայում մոտ 900 մարդ սպանվել է իսրայելական ավիահարվածներից ուրբաթ օրվանից, երբ ավարտվեց հրադադարը, մինչեւ երկուշաբթի։

Ամերիկացի երկու պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը ներկա պահին բացառում է հրաժարումը զենքի մատակարարումից, քանի որ կարծում է, որ մասնավոր բանակցությունների ռազմավարությունն արդյունավետ է։

«Մենք կարծում ենք, որ այն, ինչ անում ենք, ստիպում է նրանց շարժվել»,- ասել է պաշտոնյան։ Նա վկայակոչել է այն, որ վարչապետ Նեթանյահուն հրաժարումից անցում է կատարել թույլատրմանը, որ Գազա մտնի օգնության 200 բեռնատար, նշելով, որ այս բարելավումը ինտենսվ դիվանագիտության, այլ ոչ թե սպառնալիքի արդյունք է։

Ամերիկացի պաշտոնյան այս մասին հայտնել է օդային ռմբակոծումներից հետո, որոնց հետեւանքով զոհվել են երեխաներ եւ մեծահասակներ։ Նա նշել է, սակայն, որ Իսրայելին աջակցության կրճատումը կուղեկցվի լուրջ ռիսկերով։ «Դուք կսկսեք կրճատել մատակարարումն Իսրայելին եւ կխրախուսեք այլ կողմերին՝ միջամտել հակամարտությանը»,- ասել է նա։

«Վարչապետը ոչ մի ճնշում չի զգում, եւ մենք հնարավոր ամեն ինչ կանենք մեր ռազմական նպատակներին հասնելու համար»,- անցած շաբաթ Reuters-ին ասել է Նեթանյահուի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Օֆիր Ֆալքը։

Միացյալ Նահանգներն ամեն տարի Իսրայելին տրամադրում է 3,8 մլրդ դոլարի ռազմական օգնություն ՝ սկսած կործանիչներից, վերջացրած հզոր ռումբերով, իսկ Բայդենի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ լրացուցիչ 14 մլրդ դոլարի հատկացմանը։

Այս աջակցությունը Վաշինգտոնին «ներգործության լրացուցիչ լծակներ է տալիս» այն հարցում, թե ինչպես է վարվում պատերազմն ընդդեմ ՀԱՄԱՍ-ի, ասել է Մերձավորարեւելյան դեմոկրատիայի նախագծի տնօրեն Սեթ Բինդերը։ «Հրաժարումը մատակարարումներից կամ դրա հետաձգումը Իսրայելի կառավարությանը կստիպի փոխել ռազմավարությունն ու մարտավարությունը»,- ասել է Բինդերը։ «Այսօրվա դրությամբ վարչակազմը ցուցադրում է այդ լծակը չօգտագործելու ցանկություն»։

Բայդենի վրա ճնշում են գործադրում 2024թ. նախագահական ընտությունները, անգամ չնայած այն բանին, որ ավագ օգնականներն ակտիվացրել են Իսրայելին զսպելու կոչերը։ Օգնությունը կրճատելու ցանկացած փորձ կարող է վնաս հասցնել դեմոկրատ նախագահին իսրայելամետ ընտրողների հարցում, քանի որ նա ձգտում է վերընտրվել։

Բայդենը բախվում է նաեւ առաջադեմ դեմոկրատների խմբակցության ճնշմանը, որոնք ցանկանում են, որպեսզի ԱՄՆ-ն պայմաններ դնի դաշնակցի ռազմական օգնության հարցում, եւ որպեսզի նախագահն աջակցի անհապաղ հրադադարի կոչերին։

Իսրայելի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան աղբյուրը տեղեկացրել է, որ առայժմ Իսրայելի աջակցության որեւէ փոփոխություն ԱՄՆ-ի կողմից տեղի չի ունեցել։ «Ներկա պահին կա ըմբռնում, եւ շարունակվում է համակարգումը»,- ասել է աղբյուրը։ «Եթե ԱՄՆ-ն փոխի ուղեգիծը, Իսրայելը ստիպված կլինի արագացնել իր գործողությունները եւ արագ ավարտել գործերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ