News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


Հինգ տարի իրականացրած բարեփոխումներից հետո ի վերջո տեսնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարաններում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ հեղափոխությունից հետո ձևավորվել են 3 ատյանի Հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով. «Ընդ որում՝ հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտարկվում ենք եվրոպական չափանիշներին»:

Ըստ Փաշինյանի՝ էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: 2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել, հիմա արդեն փոքր՝ մինչև 5 միլիոն դրամ գումարի բռնագանձման գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց դատարանը ծանրաբեռնելու:

«Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը,  չավարտված և փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից»,-ասաց նա:

Նախատեսվում է նաև դատարաններն ազատել ակնհայտ անհիմն հայցերից, վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի և ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով և ամբողջությամբ թվայնացնելով քաղաքացիական ու դատավարական վարչարարությունը:

«Սրանք քայլեր են, որ մեր դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա, կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա: Եվ որպես արդյունք՝ ՀՀ քաղաքացին պիտի վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը վստահաբար արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի, և այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ