News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, պաշտոնատար այլ անձինք, փորձագետներ, երիտասարդներ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Մեծամոր համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին «ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը պատվով կրելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար:

«Մեծամորը տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ է անցկացրել՝ որպես 2023 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, սակայն պետք է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված սեպտեմբերյան իրադարձությունները չէին կարող չազդել նաև այս ծրագրի իրականացման ընթացքի վրա: Բայց մեր ուժն ու համառությունը այստեղ է, որ առավել քան երբևէ ընդգծվում է. մենք կարողանում ենք մի կողմից դիմագրավել մարտահրավերներին ու հաղթահարել ճգնաժամերը, մյուս կողմից՝ ետ չմնալ մեր զարգացման օրակարգից, առաջ շարժվել և շարունակել հավատալ մեր ապագային: Հենց սա է մեր հաջողության բանալին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը նախարարության երիտասարդական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, որի նպատակն է սահմանել համայնքներում երիտասարդական կյանքի նախատիպը, այն պատկերացումները, թե ինչպիսին այն պետք է լինի համայնքներում՝ աշխույժ, զարգացող, ինքնակրթվող և այլն:

«Հուսով ենք՝ երիտասարդական մայրաքաղաք լինելու ընթացքում ձեռք բերած ավյունն ու աշխուժությունը, ինչպես նաև զարգացման նոր թափանիվը կշարունակվեն և կպահպանվեն Մեծամորի երիտասարդների կողմից»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարը ելույթի ընթացքում շնորհավորել է Կամավորների միջազգային օրը, որը նշվում է դեկտեմբերի 5-ին: Նա հույս է հայտնել, որ կամավորների թիվը տարեցտարի կավելանա, և վերջիններս գործունեություն կծավալեն՝ իրենց համայնքների փոխակերպողները լինելու բարձր գիտակցմամբ:

Շնորհավորելով Գավառին «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը կրելու կապակցությամբ՝ Ա. Մարտիրոսյանը կոչ է արել նաև ծրագրի շրջանակում ակտիվացնել և ամրապնդել միջհամայնքային կապերը և նախատեսվող միջոցառումներին հրավիրել նաև մեծամորցի երիտասարդներին:

Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հակիրճ անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում ԿԳՄՍ նախարարության իրականացրած ծրագրերին և հորդորել երիտասարդներին մասնակցել դրանց և անմասն չմնալ այդ ծրագրերի ընձեռած հնարավորություններից:

Արթուր Մարտիրոսյանը միջոցառման ընթացքում շնորհակալագրեր է հանձնել «ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մասնակից կամավորներին և Մեծամորի գործընկեր կազմակերպություններին:

Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, խորհրդանշական բանալին հանձնելով Գավառ համայնքին, նշել է. «Այս ծրագիրը մեր երիտասարդության համար բերեց զարգացման նոր ուղիներ, նոր ոգի: Խորհուրդ եմ տալիս Գավառ համայնքին օգտվել «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի հնարավորությունից՝ հնարավորինս աշխուժացնելու երիտասարդական կյանքը համայնքում»:

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանն էլ ներկաներին է փոխանցել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ողջույնի խոսքը, որում բարձր է գնահատվել ծրագրի անցկացումը, դրա շրջանակում իրականացվող համագործակցությունները, ընձեռված հնարավորություններն ու նպատակները: 

«Գավառ համայնքը երեք անգամ հայտ է ներկայացրել այս մրցույթին, և երրորդ փորձը պսակվեց հաջողությամբ, ինչը նշանակում է, որ տարիների ընթացքում լրացրել ենք մեր բացերը, համայնքում ստեղծել ենք հավելյալ արժեքներ երիտասարդների համար, ավելացրել ենք ներդրումների ծավալները: Գավառը «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքն է, ինչը նշանակում է, որ պետք է անենք ավելին։ Համայնքի կողմից նույնպես անհրաժեշտ ֆինանսական միջոցներ են նախատեսված 2024թ. ընթացքում այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների համար»,- ասված էր ողջույնի խոսքում:

Միջոցառումն ավարտվել է մեծամորցի շնորհալի երիտասարդների, Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային կատարումներով, ինչպես նաև՝ «Մեղեդի» լարային քառյակի կատարումներով։

2024 թվականի «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։

Տպել
Ամենաշատ