News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել են տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: 

«Քննիչների կողմից նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ե.-ն, հանդիսանալով 2008 թվականի հունվարի 8-ին պետական հաշվառում ստացած և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող խանութում պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին պետական հաշվառում ստացած և նույն խանութում ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղված ԱՁ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի հոդվածների պահանջները, 2019 թ. հոկտեմբերից 2022 թ. հոկտեմբեր ամիսների ընթացքում թաքցրել է հարկման օբյեկտը: 

Մասնավորապես, վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև որպես Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսից 2022 թվականի հուլիս ամիսների ընթացքում նույն եղանակով թաքցրել է նաև այդ անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները, ինչի արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր: 

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Ե.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում Մ.Ե.-ն հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է վճարել 200.000.000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ