News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվել էր «ուսուցողական տեսանյութ» նախաբանով մի տեսանյութ, որում տրանսպորտային միջոցի վարորդը կասկածի տակ է դնում պարեկային ծառայողի կողմից տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափման գործընթացի իրավաչափությունը, նաև պնդում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը պաշտոնապես հրապարակված չէ, ուստի վարչական տույժ նշանակելու մասին որոշումն իրավաչափ չէ: Միաժամանակ, տեսանյութով կոչ է արվում մյուս վարորդներին՝ ևս գործել նման կերպ։ Արդյունքում, ՀՀ վարորդների շրջանում մեծամասնություն կազմող օրինապահ քաղաքացիների մոտ կարող է առաջանալ անվստահություն՝ պարեկային ծառայողի գործողությունների և կայացրած որոշումների նկատմամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, գործող է, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը հրապարակված է ՀՀ պաշտոնական իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում, այսինքն՝ պատշաճ հրապարակված է։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

Տեղեկացնում ենք նաև, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով պարեկային ծառայողին լիազորություն է տրված Ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչն իր մեջ ներառում է նաև կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափելով ստուգելը։

Վարորդի կողմից զննության իրականացմանը խոչընդոտ ստեղծելու դեպքում պարեկային ծառայողն իրավասու է պահանջել դադարեցնել խոչընդոտող գործողությունները, իսկ օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքում՝ իրավախախտների նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոցներ։

Հարգելի՛ վարորդներ, խնդրում ենք չտրվել սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է ձեր իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով։

Տպել
Ամենաշատ