News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների տեխզննման կայանները և գազաբալոնների վկայագրման կազմակերպությունները արդեն մեկ տարի է «թալանում» են գործարանային հեղուկ (պրոպան) գազով սարքավորված ավտոմեքենաների վարորդներին՝ նրանցից պահանջելով գազաբալոնի վկայագրման հանգամանքը հավաստող կտրոններ, որոնց համար վարորդները ստիպված են հավելյալ 12.000 դրամ վճարել:

Բանն այն է, որ 2023 թվականի փետրվարի 25-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը, այսինքն՝ ավտեմեքենաների վրա տեղադրված գազի բալոնները ստուգաչափելուց հետո է միայն թույլատրվում ավտոմեքենաների տեխզննում անցկացնել։

Հետևաբար, հիշյալ դրույթը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք շահագործվում են գործարանային արտադրության հեղուկացված բնական գազով, այլ վերաբերվում է բացառապես վերասարքավորված գազաբալոններին (հետագայում տեղադրված): Սակայն շատ վարորդներ, ծանոթ չլինելով նոր կարգին, տեխզննման կայանների աշխատակիցների ուղղորդմամբ, ստիպված են լինում գազաբալոնների վկայագրում իրականացնել տվյալ կայաններում կամ դրանց կից գործող կազմակերպություններում և դրա դիմաց հավելյալ 12․000 դրամ գումար վճարել:

Գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններն էլ, որոնց թիվը ներկայումս Հանրապետությունում հասնում է շուրջ 100-ի, իրենց հերթին չեն իրազեկում վարորդներին կարգի մասին և ձևական ստուգաչափում իրականացնելով, հավելյալ գումար են «կորզում» գործարանային արտադրության գազաբալոններով սարքավորված վարորդներից: Փաստացի ստացվում է, որ կազմակերպությունները ձևական ստուգաչափումով պարզապես 12․000 դրամով թուղթ են վաճառում, քանի որ նրանք ի վիճակի չեն կամ պատրաստ չեն ռիսկի տակ մտնել ավտոմեքենաներն արտադրելիս գործարանում տեղադրված գազի բալոնները ստուգաչափելու համար։

NEWS.am-ին դիմած վարորդներից մեկը պատմեց, որ այցելել է Երևանում գործող գազաբալոնների վկայագրման մի շարք լիցենզավորված կազմակերպություններ՝ պարզելու, արդյոք անվտանգ է գործարանային արտադրության հեղուկ գազաբալոնը ստուգաչափելը և ինչպե՞ս է այն իրականացվում: «Տեխնիկական փորձաքննությունների կոնտրոն»-ից օրինակ պատասխանել են, որ եթե տվյալ գազաբալոնը ժամկետի մեջ է, կարող է մասնագետը մոնտաժել, փորձարկել և նորից տեղադրել: «Կախված է մասնագետի վարպետությունից: Հնարավոր է մոնտաժեն, տեսնեն չեն կարող ստուգաչափել և տեղադրեն»,-պատասխանել են կազմակերպությունից:

Ավտոմեքենաների գազաբալոնների մոնտաժմամբ և տեղադրմամբ զբաղվող «Գազաբալոնների ճնշափորձարկման կայան» ՍՊԸ-ից, սակայն NEWS.am-ին պարզաբանեցին հակառակը: «Եթե ավտոմեքենան արտադրված է գործարանային արտադրության հեղուկ գազի բալոնով, ապա կարիք չկա այն մոնտաժել և ստուգաչափում իրականացնել: Բալոնի վրա շահագործման ժամկետը նշված է, եթե ժամկետի մեջ է, չի թույլատրվում ձեռք տալ, մոնտաժել: Դրա համար արհեստավորններ կան, դա ամեն մարդու խելքի բանը չէ»,-բացատրեց աշխատակիցը:

Մինչ տեխզննման կայանները զբաղված են գործարանային հեղուկ գազով սարքավորված ավտոմեքենաների վարորդներին մոլորեցնելով, սեղմված բնական գազի բալոններ տեղադրած վարորդները գտել են օրենքը շրջանցելու տարբերակներ: Շատերը տեխզննում անցնելուց առաջ հանում են գազաբալոնը, ներկայացնում որպես բենզինով աշխատող ավտոմեքենա և առանց վկայագրման պահանջի, տեխզննում են իրականացնում:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ, սակայն տևական ժամանակ է տեսչական մարմին կատարած մեր զանգերը, այդ թվում թեժ գծի հեռախոսահամարով, մնում են անպատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ