News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը: 

Ըստ այդմ՝ սահմանվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետական և մասնավոր ոլորտների կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: 

Ըստ այդմ, նախատեսված է մինչև 2030 թ. ունենալ առնվազն 3 օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների առնվազն 8 հաղթող, Եվրոպայի առաջնությունների առնվազն 15 հաղթող։ 

Ամրագրելով, որ միայն 2020-2022 թթ. Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում նվաճել են 518 մեդալներ, նախատեսվում է առաջիկայում եռապատկել նվաճած արդյունքները: 

Առաջարկվում է նախատեսել է ըստ տարիների հանրապետության մարզերում պարտադիր կառուցվող մարզահամալիրների ցանկը: Յուրաքանչյուր խոշորացված համայնքում մեկնարկել տիպային մարզակառույց, որը անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ։ Ընդ որում, նպատակահարմար է ունենալ տիպային մարզակառույցի նախագիծ, որը կարող է տեղակապվել և կառուցվել յուրաքանչյուր կոնկրետ տեղանքում։ Արդեն իսկ նախատեսվում է նման տիպային մարզակառույցների կառուցումը Բերդ և Եղեգնաձոր համայնքներում։ 

Բացի այդ յուրաքանչյուր մարզում ունենալ թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճ, որը կնպաստի խաղային մարզաձևերի և զանգվածային սպորտի զարգացմանը։ 

Հարկ է խրախուսել այնպիսի մարզակառույցների կառուցումը, որոնք նույն հաջողությամբ կարող են օգտագործվել կամ պատվիրակվել կառավարման մասնավորին՝ նպաստելով պահպանման ծախսերի ինքնածածկմանը: 

Ներկայացնելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: Ըստ նրա՝ հենց դրա արդյունքն է, որ այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային 307 մեդալն է:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտի ֆինանսավորման հարցին, ընդգծել է, որ այստեղ փոփոխություններն էական են: 2018 թվականին սպորտին հատկացվել է 2,1 մլրդ դրամ, 2019 թ.-ին սպորտի ֆինանսավորման ավելի քան 60 տոկոս աճ է գրանցվել՝ 10,2 մլրդ դրամ ուղղելով: Սա նշանակում է, որ ավելի քան քառապատկել ենք 2018 թ. սպորտին հատկացված բյուջեն և էական ծախսեր են հատկացվել նաև կապիտալ ներդրումներ անելու համար:

Ըստ նախարարի՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում Հայաստանի գրանցած արդյունքները նույնպես էական են: Եվ այսպես՝ 2018թ.-ին Հայաստանը նվաճել է 203 մեդալ, 2019թ.՝ 222, 2022 թ.՝ 307 մեդալ, ապա 2023-ին ռեկորդային էր՝ 432 մեդալ ու դեռ տարին չի վերջացել: Այսինքն՝ 2018-ի համեմատ 2023-ին մեդալների թիվը գրեթե կրկնապատկվել է:

Կանանց մեդալների մասով ևս աճ է գրանցվել 2018 թվականի համեմատությամբ: Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել: 2018-ին կանանց նվաճած մեդալների համամասնությունն եղել է 2,9 տոկոսը, այս տարի՝ 5,7 տոկոս:

Վարչապետը նշել է, որ ռազմավարությամբ նաև ընդգծել է երկու ուղղություն, որը նույնպես կարևորում է. «Առաջինը՝ կանանց սպորտի զարգացումը, և երկրորդը՝ մարզերում սպորտային ենթակառուցվածքների և սպորտի զարգացումը: Մնացած հատվածով էլ հասկանալիորեն տեմպը պետք է պահել»:

Վարչապետն ընդգծել է ծախսերի հաշվետվողականության թափանցիկության ապահովման կարևորությունը. «Մենք, ըստ էության, եռապատկում ենք սպորտի ֆինանսավորումը, բայց նաև մեզ համար շատ կարևոր է ունենալ պատկերացում և հաշվետվողականություն, թե գումարները ֆեդերացիաներն ինչպես են ծախսում: Դա շատ կարևոր է: Իհարկե, այստեղ կան որոշակի, այսպես ասած, պրակտիկաներ, որոնց հետ մենք բացարձակապես համաձայն չենք, որովհետև եթե Կառավարությունը վարում է քաղաքականություն, պետք է հնարավորություն ունենա տեսնել իր վարած քաղաքականությունների իրագործման որակը, պետք է պատկերացում ունենա դրա վերաբերյալ, և միայն մեդալները դրա համար բավարար չեն: Մենք այսպես, թե այնպես ունենք պայմանագրային հարաբերություններ, այդ պայմանագրային հարաբերություններում ավելի մեծ տեղ պետք է հատկացնենք և ուշադրություն դարձնենք թափանցիկությանը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Կառավարությունը պետական բյուջեով գումարներ է հատկացնում որոշակի նվաճումների հասած մարզիկներին, ինչը նույնպես կարևոր է. «Մենք այսօր մարզիկներ ունենք, որոնք իրենց նվաճումների շնորհիվ, օրինակ՝ ամիսը 1 մլն դրամ, 700 հազար դրամ, 500 հազար դրամ, 200 հազար դրամ ամենամսյա աջակցություն են ստանում Կառավարությունից: Այսինքն՝ սա խթանում է, որպեսզի պրոֆեսիոնալ մարզիկներն ավելի շատ ժամանակ հատկացնեն մարզումներին»:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված որոշումներից մեկով լրացուցիչ գումար՝ 17843.9 հազար դրամ, կհատկացվի մինչև 2023 թ. տարեվերջ սպորտային նպաստի տրամադրման համար: 

Ըստ հիմնավորման՝ Փարիզ-2024 օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին 2022 թվականի հունիսի 1-ից սկսած ամեն ամիս տրամադրվում է սպորտային նպաստ: Հաշվի առնելով 2023 թ. ընթացքում մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ գումար հատկացնել: 

Ելնելով ցուցաբերած նոր արդյունքներից, տարվա ընթացքում նպաստի շահառուների ցուցակը ենթարկվել է փոփոխության և սպորտային նպաստի շահառու են հանդիսացել հոկտեմբեր ամսին առավելագույնը՝ թվով 107 մարզիկ, 88 անձնական մարզիչ, 50 հավաքականի մարզիչ, բժիշկ և մերսող:

Տպել
Ամենաշատ