News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում խմբակցության դեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ելույթին, որում վերջինս կասկածի տակ էր դրել կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների անաչառությունը:

Կոնջորյանի խոսքով՝ ինքը ցանկանում է «քաղաքական ամնեզիայի դեմ պայքարի պրոցեդուրա իրականացնել»:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Հայաստանում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը. «Այսօր դատախազությունը նախկին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահից հայցադիմումով պահանջում է 59 անշարժ գույք, 21 միլիարդ դրամ և սա դեռ ամենը չէ:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կարծես կինդեր-ձվիկ լինի, երբ բացում ես, ավելի հետաքրքիր բաներ կան դրանում: Խորհրդի անդամներից մեկը այն ժամանակ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն էր, և այսօր դատախազությունը Գագիկ Խաչատրյանից «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքով ընդհանուր հայցադիմումը կազմում է 50 միլիարդ դրամ, 210 անշարժ գույք և այլն»,- ասաց Կոնջորյանը՝ հիշեցնելով, որ Արծվիկ Մինասյանը 2016 թվականին էկոնոմիկայի նախարարն էր:

«Սա ձեր իշխանության ժամանակ էր, դուք նախարար էիք այդքան բարեվարք, կոռուպցիայից զերծ իշխանության ժամանակ: Եթե դրան գումարենք նաև հարգելի «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող և դատախազության կողմից պահանջվող ապօրինի գույքը՝ 36 միլիարդ դրամ, մենակ այդ երեք պաշտոնյայի գումարային արժեքը կազմում է 107 միլիարդ դրամ: Դա դեռ ամենը չէ:

Դատախազությունն այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում, ձեզնից, ա՛յ սիրելի ու բարեվարք ընդդիմություն, պահանջում է պետությանը վերադարձնել այդ գումարները: Ու դուք այսօր եկել եք ու ներկայանում եք որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ, մենք էլ փորձում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտը ջախջախել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահին հալածել: Դուք կոռուպցիայի դեմ պայքարի կանթեղն եք տանում, չէ մի չէ: Պրոմեթևսն եք, մենք էլ ընկել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահի հետևից»,- նշեց Կոնջորյանը՝ չհամաձայնելով ընդդիմության քննադատության հետ, թե փորձում են զավթել պաշտոնը:

Նրա խոսքով՝ չար լեզուները կամ «չարալեզները» դարձել են մեր քաղաքական խոսույթի մեջ կարևոր ինստիտուտ. «Չարալեզները այն մարդիկ են, որ հիմնականում լրատվական միջոցներով պատվերով կամ այլ ձևով վարկաբեկում են այս կամ այն մարդկանց, իշխանությանը, հիմնականում՝ մեզ: Հիմա չարալեզները շաբաթներ շարունկ չարալիզում էի, որ՝ հեսա, ունեն իրենց սրտի թեկնածուն, կգան, կընտրեն: Եկավ, չընտրվեց էդ սրտի թեկնածուն: 

Հիմա էլ հակառակն են ասում, ասում են՝ ըհը, Հայկուհի Հարությունյանը լավ նախագահ է եղել, դրա համար էլ չեն ընտրելու: Կա՛նգ առեք: Նախկին գողապետության վառ ներկայացուցիչները երբ մեզ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ դասեր են տալիս, առնվազն տարօրինակ է, հարգելի՛ գործընկերներ: Իսկ ի՞նչ ենք մենք արել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորել ենք մենք, ընտրել ենք մենք, Հայկուհի Հարությունյանին ընտրել ենք մենք, մեր խմբակցության պատգամավորների մեծ մասը, հիմա, ցանկացած ընտրական պրոցեսի տրամաբանությամբ ուզում ենք հասկանալ՝ ո՞նց է աշխատել, որ իմանանք՝ ընտրե՞նք, թե՞ չընտրենք»,- հայտնեց Կոնջորյանը՝ ընդգծելով, որ ընտրող մարմինը պետք է ընտրվող պաշտոնյային հարցեր տա:

«Ասել, որ սա քաղաքական ճնշում է, քաղաքական անգրագիտության շռնդալից դրսևորում է: Ո՞նց կարելի է ընդհանրապես նման բան խոսել: Պարոն Մինասյանն ասում է՝ քողարկում եք, ի՞նչն ենք քողարկում, ուղիղ եթերով ո՞նց կարելի է բան քողարկել: Չի կարելի այսքան հակատրամաբանական լինել, որքան դուք եք, հարգելի՛ գործընկերներ:

Կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական առաքելության հենասյուներից մեկն է, մենք մեր քաղաքական գործունեությունը կառուցում ենք դրա վրա: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից ի վեր, երեկ նաև վարչապետն ասաց՝ ֆինանսավորումը հանձնաժողովի ավելացել է շուրջ 400 տոկոսով, ավելացվել է հաստիքացուցակը, հնարավորությունները: Ո՞վ է արել դա, կարո՞ղ ա ընդդիմությունն է արել: Դա արել է կառավարությունն ու ԱԺ-ն:

Մենք շատ ենք գնահատում այս մարմինը, և այս քննարկումն էլ մեր սրտացավության դրսևորումն է, որովհետև մենք քննարկում ենք նաև մեր ընտրությունը, ինքներս մեզ, եթե քննադատում ենք, քննադատում ենք նաև ինքներս մեզ, և դա է ժողովրդավարության դրսևորումը»,- ընդգծեց Կոնջորյանը՝ չհամաձայնելով ընդդիմության մեղադրանքներին, թե հարցերը ճնշման դրսևորում են:

«Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ամեն ինչի հիմքն է, և իշխանությունը, ՔՊ-ն՝ վարչապետի գլխավորությամբ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական պատասխանատվություն կրող գլխավոր սուբյեկտն է, բայց մեզանից բացի այն ինստիտուտները, որոնք ևս ունեն հանրային պաշտոններ, նրանք ևս կրում են այդ պատասխանատվությունը, և պատասխանատվության վերաբերյալ հարցադրումներն օրինաչափ են»,- ընդգծեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեկավարը: 

Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:

Տպել
Ամենաշատ