News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Ալի Ռեզա Քուհքանի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում:

«Իրանի հետ մեր պատմամշակութային, բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու վերահաստատել ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ու զարգացնելու պատրաստակամությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Ալի Ռեզա Քուհքանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև առկա յուրահատուկ, բարեկամական հարաբերությունները՝ այս համատեքստում առանձնացնելով նաև Իրանի հայ համայնքի դերակատարությունը: Քուհքանի գնահատմամբ՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման առումով Հայաստանի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի:

«Հայաստանի հետ գիտական հարաբերությունների զարգացման տարբեր մեխանիզմներ կարող ենք ունենալ, որը կներառի ուսանողների ու դասախոսների փոխանակման համատեղ ծրագրերը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը»,- ասել է Ալի Ռեզա Քուհքանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ համատեղ ծրագրերը կարող են նպաստել Հայաստանում սովորող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թվի ավելացմանը․ «Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության թիրախներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրացի ուսանողների ավելացումն է: Կցանկանանք մեր երկրում տեսնել իրանցի ուսանողների, հատկապես որ ներկայում ինտենսիվ բարեփոխումներ են ընթանում բարձրագույն կրթության և գիտության ոլորտում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ