News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով պետք է հրապարակվեր դատավճիռը։ Սակայն դատախազը  խնդրեց նիստը հետաձգել։ Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

«Ինձ համար անակնկալ էր դատական նիստի հետաձգումը։ Ենթադրում էի՝ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեր պատժի հարցերը»,-  դատական նիստից հետո ասաց Չալաբյանը։

Նա բացատրեց, որ  հիմա երկաստիճան համակարգ է. սկզբում դատարանն ընդունում է  վերդիկտ, որտեղ որոշում է մեղավորության կամ ամեղության հարցը, հետո քննարկվում է  կոնկրետ պատժամիջոցը։

«Հիմա քանի որ դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է տվել,  անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց  կորոշի, մենք բոլոր դեպքերում դա բողոքարկելու ենք։ Մենք շարունակում ենք պնդել՝ որևէ  մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու, բողոքարկելու ենք ցանկացած դատավճիռ, որը հիմնված է մեղադրական եզրակացության վրա»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր, որ այսօր մեղադրանքի կողմը հրաժարվեց  ելույթ ունենալուց. «Ենթադրում եմ՝ իրենց համար էլ անհասկանալի հարցեր կան։ Կարծում եմ՝ մեղադրական կողմը խնդիր ունի հասկանալու՝ ինչպես ձևակերպվել  պատժի պահանջը»։

Ա.Չալաբյանն ասաց, որ իրենց համար այս հետաձգումը խելամիտ իմաստը չունի, գործընթացը  ձգձգվում է, կցանկանային հենց այսօր էլ դատավճիռը լիներ, որը կբողոքարկեին։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:

Տպել
Ամենաշատ