News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Bastion տիպի զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, իրացվելի չեն, անպիտան են:

«Այն փոխվստահությունը, որ կա մեր ու այն գործընկերների միջև, որոնք Հայաստանին որոշ տեսակի պաշտպանական միջոցներ են տրամադրում, կարծում եմ, շատ ապահով է: Լրացուցիչ պարզաբանումների համար ես կառաջարկեմ խոսել ՊՆ-ի հետ, որպեսզի վստահեցնեն ձեզ, որ այդ մեկնաբանությունները, որ արվում են ռուսական կողմից, տրամաբանական եւ ստույգ չեն»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ եղավ ռուսական զենքի մատակարարման հարցը, որի համար Հայաստանը վաղուց վճարել է, Խանդանյանն արձագանքեց, որ այդ հարցը իրենք մշտապես բարձրացնում են. «Ես հույս ունեմ, որ այդ հարցը գործընկերային մթնոլորտում կլուծվի, եւ այն պարտավորությունները, որ ստանձնել է Ռուսաստանը, որեւէ կերպ կկատարի Հայաստանի նկատմամբ»:

Նա ասաց, թե կառավարության գործընկերները նշել են՝ աշխատում են ռուսական կողմի հետ, որ զենքի մատակարարման հարցը լուծվի։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կարող է Հայաստանը Ռուսաստանին դատի տալ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Գործնականում, ես ասացի, որ, մենք նպատակ ունենք գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը կարգավորել»,- ասաց Սարգիս Խանդանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ԵԱՏՄ կամ ԱՊՀ շրջանակներում հարցը ՀՀ վարչապետի մասնակցությամբ քննարկվի, Սարգիս Խանդանյանն ասաց. «Վարչապետի մասնակցության վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգը բավականին լայն է, և հնարավոր է նաև այդ հարցը քննարկվի, եթե լինեն երկկողմ հանդիպումներ»:

Հիշեցնենք՝  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Bastion» տիպի զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, իրացվելի չեն։ «Հերթական անգամ, ցավոք, Հայաստանի ժողովրդին Արևմուտքը շփոթեցնում է կեղծիքով», - ասել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ