News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գործով տուժողները։

Այժմ դատարանում հարցաքննվում է տուժող Լևոն Խառատյանը։

Նա հայտարարեց, որ ճանաչում է դատավարության կողմերին։

Անդրադառնալով հրդեհի դեպքին՝ Խառատյանը պատմեց․

«Ամսի 18-ին մինչև էդ դեպքը մենք զորամասում ական էինք տեղափոխում, հետո արդեն գնացել ենք մեր հիմնական վայրը, որտեղ որ ապրում էինք, այդտեղ արդեն ամեն մեկն իր գործող էր զբաղվում, հիգիենա, լվացվել և այլն։ Այդ ժամանակ աղոթեցինք, հետո որ ես պետք է հերթապահ կանգնեի, պետք է Հայկ Կիրակոսյանին փոխեի, գնացել, փոխվել ու Ռազիկի հետ Հայկին փոխել ենք։ 10 – 20 րոպե չանցած մտնում եմ ներս, չեմ հիշում՝ ինչ պատճառով եմ մտնում ներս, Եղիշեն ասում է՝ գնամ, փայտ բերեմ, գնում եմ, փայտ եմ բերում, հետո ասում է՝ վառելիք բերեմ, ասում եմ՝չգիտեմ կոնկրետ տեղը, ինքն էլ ասում է՝ Վաղոյին կամ Արսենին ասեմ, իրենցից մեկին եմ զանգում, ասում եմ, իրենք էլ չեմ հիշում՝ ինչ են պատասխանում։ Հետո տարածքով պտտվելիս մտնում եմ ներս, որ թեյ վերցնեմ, մուտքի մոտ տեսնում եմ, որ Եղիշեի ձեռքն է վառվում, ննջասենյակի դեմը վառվում է, բռոնի ժիլետս հանում եմ, զինվորական բաճկոնով փորձում եմ հանգցնել, ընթացքում անընդհատ գոռում էինք՝ տագնապ է, հրդեհ է, դուրս եկեք։ Բոցը շատ ուժեղ էր, ես ինձ գցում եմ ձյան մեջ։ Մի քանի հոգի լուսամուտի մոտ էին, ուզում էին մարդ հանել, մի հոգի հիշում եմ, որ դուրս եկավ, Գարուշն էր, մեկն էլ 07-ով տարան հոսպիտալ, հետո արդեն կոմայի մեջ եմ եղել 4 օր»։

Գործով մեղադրող դատախազի հարցին, թե ինչպիսի՞ կառուցվածք ուներ տունը, որտեղ իրենք ապրում էին, տուժողը նկարագրեց․ «Ունեինք չուլան, որտեղ մեր գործիքներն էինք դնում,  ունեինք խոհանոց, որը առանձին բուտկա էր, մեկ էլ մեր տունը, որը մտնում էինք սկզբում փոքր միջանցքի նման տեղ էր, որտեղ բատինկաներն էինք հանում-հագնում, շորերն էնք կախում, միջանցքի աջ կողմում դուռ կար, որտեղ մեր զալն էր, դռնից աջ էլ՝ ննջասենյակն էր։ Գետինը, դռները փայտից էին, մենք զալը դեկտեմբերին նորոգել էինք, պաստառներ էինք փակցրել, պատը քարից էր, որ գնացել եմ, նախորդ ծառայողները նաև նորոգել էին լոգարանը»։

Հարցին՝ որքա՞ն էր միմյանցից հեռավորությունը այդ 3 կառույցների՝ Խառատյանն ասաց․ «Խոհանոցն ու չուլանը իրար դիմաց էին, չուլանի կողքը տունն էր, մի երևի 5-7 մետր հեռավորությամբ, չուլանի հետևում էր բաղնիքն էր»։

Նա պատմեց, որ կար ևս մեկ տուն, որտեղ էլ պահվում էին ականները։ Այդ տանը, ըստ տուժողի, 2 օրը մեկ հերթապահություն էր սահմանվում, և 2 զինծառայող հերթապահում էր այդ տանը․ «Այդտեղ 2 հոգով գնում, հերթապահում էինք, 2 օրը մեկ փոխվում էինք։ Մինչև ամսի 18-ը այնտեղ մնացել էին Գագիկ Բարսեղյանը ու ևս մեկ հոգի, որին չեմ հիշում, այդ օրը այդ տնից եկան, որ իրար հետ քնենք։ Այդ տունը մեր տնից 5-10 րոպեով էինք հասնում»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք իրենց հետ վերադասից ներկայացուցիչներ մնում էին, Խառատյանն ասաց․ «Սեպտեմբերի 13-ից հետո ամեն գիշեր պարտադիր մնում էին։ Հիմնականում մնում էր վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը, դասակի հրամանատար Տիգրան Մանասարյանը, վաշտի ավագը՝ Սերոբը, Եղիշե Հակոբյանն էր մնում»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Տպել
Ամենաշատ