News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացած՝ Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեագրել բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, ինչպես նաև իրացնել այն հնարավորությունները, որոնք տալիս է վերոնշյալ ոլորտը աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային բնագավառի զարգացման ճանապարհին առկա են մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Դրանց շարքում առաջնային տեղ են զբաղեցնում ծառայությունների որակի բարելավումը, քաղաքացիների սպառողական իրավունքների լիակատար պաշտպանությունը, ոլորտում տվյալների և վիճակագրության բարելավման անհրաժեշտությունը»,- ասաց նախարարը:

Նախագծերի փաթեթը նպատակ ունի հասցեագրել հետևյալ հարցերը՝ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և վերահսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով զբոսաշրջային ծառայություններ մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա, սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում են զբոսաշրջային բնագավառում կարգավորման շրջանակը, Կառավարության և պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, զբոսաշրջային բնագավառում ներդրվում են զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, երաշխիքների, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն:

Որակական չափանիշներն ապահովելու նպատակով ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, ներդրվում է զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրողների որակավորման համակարգ, հստակեցվում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները և ապահովվում անհրաժեշտ մեխանիզմներ այդ կազմակերպությունների պատշաճ գործունեության համար:

Պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ զբոսավարների ոլորտում կարգավորման շրջանակին առնչվող հարցին՝ Քերոբյանը տեղեկացրեց, որ  ներկայացված նախագծով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, և զբոսավարները պետք է որոշակի չափանիշներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան, ըստ էության, նաև լիցենզիա, որը ծանուցման ենթակա գործունեություն է:

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց նաև, որ երկու օր առաջ հրապարակվել են ամսվա զբոսաշրջային տվյալները:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է»,- ուրախությամբ ասաց էկոնոմիկայի նախարարը:

Վահան Քերոբյանը նաև հայտնեց, որ ներկայումս Հայաստանը ՀԲ-ի հետ հասցեավորում է Կառավարության միջոցառումների ծրագրով 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման միջոցառումը, և նախատեսվում է կնքել մոտ 150 միլիոն դոլարի պայմանագիր՝ ուղղված վերոնշյալ 20 կլաստերների զարգացմանը և ենթակառուցվածքների մեջ ներդրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ