News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը  կարող է դիմում ներկայացնել դեկտեմբերի 11-ից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հումանիտար կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ներկայացնելով մինչ երկու տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և մայրության նպաստների նշանակման ընթացակարգերը: 

Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ խնամքի նպաստի նշանակումը տարբերակված է՝ հաշվի առնելով երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է ՀՀ-ում:

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։ Խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի կառնվի միայն խնամքի չափը որոշելիս: 

Ընդ որում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում: 

Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից։

«Եվ վերջում նաև մայրության նպաստի մասին՝ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան մայրության նպաստ չի նշանակվել։ 

Եթե անձը չի աշխատում և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, խոսքը 140 օրվա մասին է, կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու համար կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու»,-ասել է Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ սահմանված ժամկետում մայրության նպաստ նշանակելու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ դիմումին անհրաժեշտ է կցել ՀՀ բժշկական կազմակերպության կամ ԼՂ-ում գտնված բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը։ 

Աշխատող մայրերին մայրության նպաստն ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Տպել
Ամենաշատ