News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը։

Լեւոն Խառատյանը նկարագրեց, թե ինչպիսին էր ննջասենյակում մահճակալների դասավորվածությունը․

«Երկհարկանի մահճակալներ էին զինվորական։ Հենց դուռը բացում էինք՝ դիմացինն էր, դրան կպած մի հատ էլ երկհարկանի կար, դրանից մի քիչ էն կողմ պատին կպած մի հատ էլ կար, դրա դիմաց էլ կար արդեն անկյունում երկհարկանի, ու երկու հատ էլ կար կպած երկհարկանի, ու երկու հատ էլ կար պատին կպած։ Ննջասենյակի դուռը եղել է երկաթյա փականով, քնելուց դրանով փակում էինք»,- պատմեց Լեւոն Խառատյանը։

Լևոնը հրդեհի օրը եղել է հերթապահ, պատմեց, որ դրսում է եղել, տաքանալու նպատակով 2 անգամ մտել է կացարան, առաջին անգամ մտնելիս իրեն Եղիշե Հակոբյանն ասել է, որ գնա փայտ բերի, գնացել, փայտը բերել է, երբ երկրորդ անգամ է մտել կացարան, արդեն տեսել է, որ հրդեհ է բռնկվել․ «Փայտը, որ բերեցի, ասացի՝ մեջը ածուխ կա, իմաստ չկա դիզվառելիքի, ինքը կկպնի, ես տեղադրեցի փայտերը վառարանի մեջ։ Ես մեր մոտ առաջին անգամ էի տեսնում, որ Եղիշեն ուզում է վառարան վառել»։

Տուժողը պատմեց, որ Եղիշեն իրեն ասել է՝ զանգի Արսենին և Վաղինակին, որպեսզի դիզվառելիք բերեն։

Գործով մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ քնի հրամանից հետո 2 զինծառայողները դրսում են եղել, տուժողը պատմեց, որ նրանք գնացել էինք ջուր բերելու․

«Ես անձամբ ականատես չեմ եղել իրենց՝ տնից դուրս գալուն, դուրսը գտնվելը տեսել եմ, բայց չեմ հիշում՝ ուր էին, ինչով էին զբաղվել։ Մեր ջրերը սառած էր, վերևը հարևան ունեինք, իր տանը դիմաց ջուր գալիս էր, այդտեղից էինք բերում։ Իրենք էդ ջուրը լողանալու նպատակով էին գնացել բերելու։ Մեր մոտ հիմնականում շատ քիչ էր լինում, որ գնում էինք ջուր բերելու, որովհետև մի քանի օր էր՝ ջուրը սառել էր։ Գարելկա ունեինք, որ ջուրը սառում էր, տաքացնում էինք։ Մեր մոտ չկար նենց բան, որ վերակարգը պիտի գնար ջուր բերելու»։

Դատախազի հարցին, թե ինչո՞ւ չի հալեցվել ու որոշվել է ջուր բերել, տուժողը պատասխանեց․ «Ես չեմ որոշել հալեցնել, իրենց ջուր է պետք եղել, իրենք որոշել են գնալ ու այնտեղից բերել։ Հալեցնելը երկար գործընթաց էր»։

Տուժողը պատմեց, թե ինչ է տեսել հրդեհի պահին կացարանում․

«Մտա տուն, կադր-կադր եմ հիշում, Եղոյի ձեռքն էր վառվում, գոռում էր ցավից, համազգեստով էր, ձեռքի կրակն էր ուզում հանգցնել, ես էլ գոռացել եմ՝ տագնապ է, պաժար է, ու հանել եմ բաճկոնս ու զենք ու սկսել եմ հանգցնել։ Տան ննջասենյակի դեմն էր այրվում։ Թեժ էր, թեժանում էր, տարածվում էր կրակը, բարձրանում էր ու տարածվում, արագ էր։ 5 լիտրանոց տարա եմ տեսել, կրակի մեջ էր։ Սենյակի դռան մոտ էր, կրակի մեջ էր»։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր էր մոտենալ ննջարանին, տուժողը պատմեց, որ հնարավոր չէր․ «Ես փորձում էի կրակը մարել։ Այնտեղ բուշլատ կար, դա վերցրի, ու սկսեցի հանգցնել։ Եղիշեն էլ էր փորձում կրակը հանգցնել։ Աղմուկ չեմ հիշում, միայն իմ ձայնն է իմ մեջ տպավորվել»։

Խառատյանի դեմքն ու ձեռքերն են այրվել, այդ պահին, պատմեց, որ իրեն ձյան մեջ է գցել․ «Ու տեսել եմ պատուհանի մոտ Եղիշեին մեկ կամ երկու հոգու հետ էր։ Ես էլ եմ ուզել մոտենամ, օգնեմ, բայց չեմ կարողացել, ինձ եկել ու տարել են հիվանդանոց։ Գարուշն էր դուրս եկել, իրեն գրկած տարել են»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Տպել
Ամենաշատ