News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը։

Նա իր ցուցմունքում անդրադարձավ զինծառայողների և վերադասի միջև եղած լարված հարաբերություններին։

«Դեպքից մի քանի օր առաջ վաշտի հրամանատարի հետ մեր վաշտից երկու հոգի՝ Հրաչն ու Նարեկը ընդհարում են ունեցել։ Հեռախոսներ գտնելու հետ կապված բան է եղել, հեռախոսների մեջ բան է եղել, որը չի կարելի, թմրանյութ են պատվիրել, որ օգտագործեն։ Վիճաբանություն եղել է, իրար խառը խփել են, բայց չգիտեմ՝ ինչ կարգի է եղել։ Ինձ Հրաչն ու Նարեկն են պատմել։ Դեպքից երկու օր հետո Նարեկենց տարել են Ռազմական ոստիկանություն։ Վաշտի հրամանատարն էլ ասաց, որ ծառայելու ենք նենց, ոնց մյուս տեղերում է։ Մենք սովոր չէինք էդ «ուստավին», դրա համար․․․։ Օրինակ՝ զորամասում, որ ծառայում էինք, շարվելով գնում էինք հաց ուտելու և այլն, իսկ այդտեղ այդպես շարվել չի եղել։ Մարդ կար արդեն ուզում էր վաշտը փոխել, որովհետև չէր ուզում այդպես ծառայել»։

Գործով մեղադրող դատախազի հարցին՝ Եղիշե Հակոբյանի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են եղել, Խառատյանն ասաց․ «Մի անգամ Նարեկի հետ լարված հարաբերություններ եղել են։ Վերադասից էին գալիս, Նարեկը պիտի մի բան աներ, որը ուշացնում էր, ասել-չանելու համար էլի, բայց խփել չի եղել, հետո նորմալ շփում է եղել։ Տիգրան ու Նարեկ միջև է խնդիր եղել, մաքրության հետ կապված էր, իրա խփել են։ Դեպքի օրը չեմ հիշում որևէ մեկը ալկոհոլ օգտագործած լինի։ Ինչքան տեղեկացված եմ եղել Եղիշեն էլ էր սեր ուներ թմրանյութի հետ։ Զինվորների մեջ այդ մասին շատ է խոսակցություն եղել։ Հիշեցի, մի հատ խոսակցություն եղել է, Եղիշեն ոնց որ փող էր կրել։ Էդ ժամանակ էլ ավտոն էր խփել, ու էդ փողով պիտի սարքեր»։

Տուժողը վստահեցրեց, որ այդ օրը որևէ զինծառայող ալկոհոլ չի օգտագործել․ «Որովհետև բոլորը հոգնած էին, գործ էին արել»։

Հարցին, իր դիտարկմամբ, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ, որ անձնակազմը դուրս գար ննջարանից, տուժողը պատասխանեց․ «Նույնը հարցը մինչև հիմա ինձ էլ ահավոր հետաքրքրում է, որովհետև 2 հոգին դուրս են եկել, 15-ը մնացին։ Ես սեպտեմբերի 13-ին տեսել եմ, որ Եղիշեն բոլորիս օգնել է, որ չզոհվենք և այլն, այդ ամենը տեսնելով, ես չէի կարող պատկերացնել, որ նա կարող է դիտավորյալ անել դա։ Ես չեմ կարծում, որ Նարեկի հետ կոնֆլիկտը կարող էր այդպիսի հետևանք ունենալ»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Տպել
Ամենաշատ