News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան եւ Իսպանիան դեմ չեն Թուրքիային Eurofighter կործանիչներ վաճառելուն, բայց Գերմանիան դեռեւս հակառակվում է դրան։ Այս մասին N-tv հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Eurofighter-ի թեման նոր չէ, արդեն 2-3 տարի քննարկվում է։ Ինձնից առաջ նախարարները նույնպես զբաղվել են դրանով։ Իհարկե, մենք ուսումնասիրում ենք այլընտրանքները, խոսում գործընկերների հետ։ Eurofighter-ը շատ լավ այլընտրանք է։ Մենք դրա կարիքն ունենք, եւ մենք ցանկանում ենք գնել այն։ Թե՛ Իսպանիան, թե՛ Բրիտանիան դրա հետ կապված խնդիրներ չունեն։ [Գերմանիան], որպես մեր գործընկեր, ուղիղ չի հայտարարում, թե հրաժարվում է։ Չէ՞ որ դաշնակիցը դաշնակցին նման բան չի ասի։ Բայց նրանք [Գերմանիան] նույնպես բարդ վիճակում են։ Հուսով եմ՝ արդյունքում հարցը կկարգավորվի»,- ասել է նախարարը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա քննադատաբար նշել է այն մասին, որ «ՆԱՏՕ-ի ներսում հակառակվում են, որ Թուրքիան սպառազինություններ գնի»։ «[Գերմանիայի կողմից] տարբեր հիմնավորումներ են ներկայացվում։ Օրինակ, թե որտեղ մենք կարող ենք օգտագործել դրանք։ Բայց, կներեք, մենք ձեր գործընկերն ենք եւ դաշնակիցը։ Մեր պաշտպանական արդյունաբերությունը այնքան է զարգացել, որ, գուցե, վաղը մենք ձեզ զենք վաճառենք։ Բայց մենք չենք մտածի այնպես, ինչպես դուք»,- նշել է Գյուլերը։

Անդրադառնալով ԱՄՆ-ից F-16-ների գնման հեռանկարների մասին հարցին՝ նախարարը նշել է, որ «հուզվելու հիմքեր չի տեսնում» այդ գործարքի համար, որը մինչեւ այժմ չի ստացել ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։ «Մեր կարծիքով՝ խնդիրներ չկան։ Ի վերջո, հարցը կլուծվի»,- ասել է Գյուլերը։ Նա նաեւ նշել է, որ ներկա պահին բանակը ինքնաթիռների սուր կարիք չունի։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից F-16 40 կործանիչ էր խնդրել Block 70 եւ 80 համալիրներն արդիականացնելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են անում այդ մատակարարումները շաղկապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում։ Նոյեմբերի սկզբին տեղեկացվել էր, որ բանակցությունները տեխնիկական մակարդակում ավարտվել են, եւ Անկարան ակնկալում է հարցի դրական լուծում։

Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման պլանների մասին Գյուլերը տեղեկացրել էր դեռեւս նոյեմբերի կեսին խորհրդարանում ռազմական բյուջեի քննարկումների ժամանակ։ Անկարան մտադիր է գնել 40 Eurofighter կործանիչ, որոնցից 20-ը՝ սկզբում, 20-ը՝ հետո։ Գերմանիան՝ որպես Eurofighter արտադրող կոնսորցիումի մասնակից, առայժմ հավանություն չի տվել այդ գործարքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ