News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Եկեք համարենք, որ Գյումրիում այս կառավարումն արդեն ավարտված է. ժողովուրդը դրան ի՞նչ վստահություն կարող է ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդեւան Հակոբյանը:

«Եթե երկրի իշխանություն ներկայացնող ՔՊ-ի ավագանու խմբակցությունն ասում է, որ անհնարինությունից ելնելով են դուրս եկել «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունից եւ լիքը իրավական գնահատականներ պարունակով տերմիններ են օգտագործում, թե իրավապահ մարմիններն ինչպես կգնահատեն, ես չեմ կարող ասել:

Գյումրիում Ալավերդու տարբերակը չէ, որովհետեւ մարդիկ իրար հետ աշխատել են պայմանավորվածության արդյունքում՝ նախապես հուշագիր ունենալով: Սա այնպիսի իրավիճակ է, որը երբեք մեր երկրում չենք ունեցել, ոչ ստանդարտ իրավիճակ է, իսկ նման պայմաններում պարտադիր պետք են լուրջ ճգնաժամային մասնագետներ ու կառավարիչ»,-ասաց նա:

Հակոբյանը նաեւ հավելեց, որ ինքը ցանկանում է, որ  վաղը այս իրավիճակի լուծումը իշխանազավթում չդիտարկվի. «Մեր քաղաքի բնակիչներն ուզում են քաղաքի ղեկավար տեսնել այնպիսի մարդու կամ մարդկանց, որոնց վրա կվստահի:

Ես անկուսակցական եմ, եւ ես իրավունք չունեմ գնահատական տալու Երեւանի ղեկավարի կամ երկրի ղեկավարի կամ մյուսների վերաբերյալ: Իմ տեսակն է՝ պետականամետ, ճիշտ մտածելակերպ»,- ընդգծեց «Զարթոնքի» ներկայացուցիչը:

Նա հայտարարեց, որ ՔՊ-«Բալասանյան դաշինք» համագործակցության հենց առաջին օրից ինքը համոզված է եղել, որ դա փլուզվելու է. «Իմիջիայլոց, սա երկար ձգվեց, ավելի շուտ էր լինելու: Սա կանխատեսելի էր: Բայց լավ է, որ շուտ եղավ, որովհետեւ տուժում էր քաղաքը»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ՔՊ-ն ձեզ առաջարկի փոխքաղաքապետի պաշտոնը, կհամաձայնե՞ք համագործակցել ՔՊ-ի հետ, նա կարճ պատասխանեց. «Ասեմ ձեզ՝ ոչ»:

Նշենք, որ 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի 33 հոգանոց ավագանիում «Բալասանյան դաշինքն» ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը.՝ 4 մանդատ եւ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ: Քանի որ ոչ մի ուժ չուներ մեծամասնություն, ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» կնքել են համագործակցության հուշագիր եւ ստանձնել քաղաքի կառավարումը:

Այս տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին՝ նշելով, որ խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինքը» ստվերային կառավարում է իրականացնում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:

Տպել
Ամենաշատ