Մինչ օրս 8 հատ  «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գործարանը փորձնական փուլն անցել է, հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչքա՞ն հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրեց Նիկոլ Փաշինյանը, ինչքա՞ն գազի բալոն է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրել է վարչապետը, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել. Հայաստանում գործում է 100 հազար ընկերություն եւ պարզ է, որ բոլորի մասին ես տեղեկությունները չունեմ:

Ես կարող եմ խոսել 3300 ընկերության մասին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում օգտվել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից, ձեռք  են բերել 198 մլրդ դրամի սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, գործարաններ, որոնք աշխատում են: Այդ ընկերությունները 2023-ին անհամեմատ ավելի շատ հարկ են տվել, քան այն սուբսիդիաները, որոնք մենք տրամադրել ենք իրենց:

Բնականաբար, մենք գնում ենք տարբեր գործարաններ, շփվում ենք տարբեր գործարարների հետ, ընդունում ենք առաջարկներ՝ բացել ցուցահանդեսներ, գործարաններ, եւ դա անում ենք, որ քաջալերենք գործարարներին՝ իրենց բիզնես նախաձեռնություններում:

Բնականաբար, մեզնից ոչ մեկը այդ գործարանների ոչ տերն է, ոչ էլ բիզնես-մենեջերը, ոչ էլ կառավարիչը: Եվ եթե այդ գործարաններից ոմանք ձախողվում են, դա շատ նորմալ երեւույթ է»: