News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2011թ. հոկտեմբերի 23-ին Գրինվիչի ժամանակով 10։41 (տեղական ժամանակով 15։41) Թուրքիայի արեւելյան մասում, Վան լճից հյուսիս–արեւելք, Վան քաղաքից մոտ 30 կմ հյուսիս տեղի է ունեցել Mw=7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի աշխարհագրական կոորդինատներն են 38.75N եւ 43.36E: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող բնակավայրերն են Օզկայմակը, Օչակլին եւ Գեդիբլակը։ Երկրաշարժը զգացվել է Վանում, Բիթլիսում, Մուշում, Բաթմանում, Դիարբերքիրում, Էրզրումում, Սիրնակում, Իրան–Թուրքիա սահմանային գոտու մի շարք բնակավայրերրում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում նաեւ Երեւան քաղաքում։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ երկրաշարժին հաջորդել են M≥3.0 ավելի քան 722 հետցնցում, որոնց բաշխվածությունը բերված է նկար 1–ում։ Հետցնցումային ակտիվությունը դեռ շարունակվում է։

Նկար 1. MW=7.2 Վանի երկրաշարժի հետցնցումների բաշխվածության քարտեզ

ՍՊԱԾ տվյալներով ՀՀ բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում Երեւանում, երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ըստ MSK-64 սանդղակի։

ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ–ի կողմից վարվող երկրաշարժերի Ազգային կատալոգը սահմնափակվում է 38.00-42.00N եւ 42.00-48.00E աշխարհագրական կոորդինատներով։ Կատալոգի գործիքային ժամանակահատվածը սկսվում է 1962 թվից, երբ տարածաշրջանում արդեն գործում էին բավական թվով սեյսմոլոգիական կայաններ, որոնք թույլ էին տալիս առավել ճշգրիտ որոշելու տեղի ունեցած երկրաշարժերի հիմնական պարամետրերը։ Սեյսմիկ ռեժիմը ՍՊԱԾ–ում ուսումնասիրվում է վերը նշված աշխարհագրական կոորդինատներով սահմանափակված տարածքի համար։ Ուսումնասիրվող տարածքում 1962-2011 թթ. տեղի է ունեցել Mw≥7.0 չորս երկրաշարժ (1976, Mw=7.1; 1983, Mw=7.0; 1988, Mw=7.0; 2011, Mw=7.2; H=7-33 km), որոնց էպիկենտրոնների բաշվածությունը բերված է նկար 2-ում։

Նկար 2. Ուսումնասիրվող տարածքում Mw≥7.0 երկրաշարժերի էպիկենտրոնների բաշխվածության քարտեզ

Հաշվի առնելով 2011 թ. հոկտեմբերի 23-ին Mw=7.2 տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը, կատարվել է վերլուծություն` պարզելու համար այս երկրաշարժի հնարավոր ազդեցությունն ուսումնասիրվող տարածքի սեյսմիկ ռեժիմի վրա։ Քանի որ այս երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 1976թ. նոյեմբերի 24–ին տեղի ունեցած Mw=7.1 երկրաշարժի (Չալդրանի երկրաշարժ) էպիկենտրոնին մոտ, ընթացիկ սեյսմիկ ռեժիմը ուսումնասիրելիս ուշադրություն է դարձվել նաեւ 1970-1983 թթ. ընկած ժամանակահատվածի վրա։ 1962-2002 թթ. Չալդրանի օջախային գոտում անջատված էներգիաների արժեքներից երեւում է, որ Չալդրանի երկրաշարժին հաջորդած հետցնցումների ավարտման տարին կարելի է ընդունել 1978 թ. (2 տարի), քանի որ այդ տարուց սկսած անջատված էներգիայի արժեքները նվազում են եւ հասնում իրենց ֆոնային արժեքներին։

Հիմնվելով կատարված համեմատության վրա` կարելի է եզրակացնել, որ հոկտեմբերի 23–ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումային ակտիվությունն ամենայն հավանականությամբ չի գերազանցի 2 տարին, ընդ որում տեղի ունեցած հետցնցումները կլինեն միջին եւ փոքր մագնիտուդի սահմաններում։ Պարզելու համար տարածաշրջանում հնարավոր սեյսմիկ ռեժիմի փոփոխությունը, որը, հավանաբար, կհարուցվի հոկտեմբերի 23–ի երկրաշարժի կողմից, կատարվել է 1976թ. Չալդրանի երկրաշարժին նախորդած եւ հաջորդած սեյսմիկության ուսումնասիրություն ՀՀ տարածքում:

Նկար 3. 1976թ. Չալդրանի երկրաշարժին նախորդած եւ հաջորդած Mw>4.0 երկրաշարժերի էպիկենտրոնների բաշխվածությունը։ Չալդրանի երկրաշարժի եւ դրան հաջորդած հետցնցումների էպիկենտրոնները պատկերված չեն քարտեզի վրա

Էպիկենտրոնների տարածական (նկար 3) եւ ժամանակային բաշխումը  Չալդրանի երկրաշարժից հետո ցույց է տալիս, որ սեյսմիկ ռեժիմի ակնհայտ փոփոխություն չի դիտվում: Չալդրանի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղի ունեցած երկրաշարժերը կարելի է համարել մեր տարածքին բնորոշ սեյսմիկ ակտիվության դրսեւորում:

Այսպիսով, ինչպես սեյսմիկ ռեժիմի վերլուծությունը, այնպես էլ 1976 թ. Չալդրանի երկրաշարժի հետ կատարված համեմատական վերլուծությունը ցույց են տալիս, որ Վանի երկրաշարժից հետո տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության փոփոխություն չի դիտվում։ Սեյսմիկ ակտիվությունը (բացառությամբ Վանի երկրաշարժի հետցնցումային ակտիվության) գտնվում է իր ֆոնային սահմաններում։ 

Տարածաշրջանի սեյսմիկ ռեժիմի վերլուծությունը

2011 թ. ընթացքում ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցով գրանցված երկրաշարժերից 597-ի հիմնական պարամետրերով լրացվել է երկրաշարժերի կատալոգը` ընդգրկելով φ=38.00-42.00, λ=42.00-48.00 կոորդինատներով սահմանափակված տարածքը (նկար 4):

Նկար 4. 2011 թ. ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնների քարտեզ

 

Տեղի ունեցած երկրաշարժերից 284-ը 2.5 եւ բարձր մագնիտուդով են: Տարածաշրջանում գրանցված 597 երկրաշարժերից 86-ը տեղի են ունեցել ՀՀ տարածքում, որից 8-ը զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում (աղյուսակ 1):

Տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնների քարտեզից երեւում է, որ էպիկենտրոններն ուսումնասիրվող տարածքում, ինչպես եւ բնորոշ է մեր տարածաշրջանին` պայմանավորված նրա մոզայիկ-բլոկային կառուցվածքով, ուսումնասիրվող ժամանակահատվածում բաշխված են անհամաչափ: Այս տարվա ընթացքում էպիկենտրոնների կուտակում դիտվում է հիմնականում հետեւյալ օջախային գոտիներում.

Ջավախքի ընդարձակման գոտում, որն ընդգրկում է Ջավախք, Սարիղամիշ-Ժելտորենչենսկ, Փամբակ-Սեւան, Ախուրյան եւ Սպիտակ խզվածքային հանգույցը: Այս գոտում զգալի երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում` փետրվարի 27-ին M=3.0 մագնիտուդով` Աշոցք քաղաքից 4 կմ հյուսիս-արեւմուտք, որը զգալի է եղել 3-4 բալ ուժգնությամբ: III եռամսյակում այս գոտում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` սեպտեմբերի 27-ին M=4.3 մագնիտուդով` Դմանիսի քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք, որը զգալի է ՀՀ տարածքում եղել 3-4 բալ ուժգնությամբ:

ՀՀ կենտրոնական տարածքում` ընդգրկելով Ազատ-Սեւան, Երեւանյան խզվածքային գոտիները: Այս գոտում գրանցվել է զգալի երկրաշարժ փետրվարի 18-ին, M=2.7 մագնիտուդով եւ հոկտեմբերի 19-ին, M=3.4 մագնիտուդով: Այս երկու երկրաշարժերը զգացվել են հարակից բնակավայրերում, մասնավորապես` Երեւանում 3-4 բալ ուժգնությամբ:

Էպիկենտրոնների կուտակում ՀՀ տարածքում դիտվում է նաեւ Սեւանի ավազանի հարակից շրջաններում, որտեղ նույնպես գրանցվել է զգալի երկրաշարժ` հունիսի 10-ին եւ 11-ին Վարդենիս քաղաքից` համապատասխանաբար 33 կմ հյուսիս-արեւմուտք, տեղի է ունեցել վեց երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը M=3.8 (11.06.2011, 10:54) մագնիտուդով զգացվել է հարակից քաղաքներում եւ գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժերի հաջորդ կուտակումը դիտվել է Թուրքիա-Իրան սահմանային գոտում, այստեղ եւս գրանցված ամենաուժեղ երկրաշարժի մագնիտուդը 4.6 է:

Էպիկենտրոնների հաջորդ կուտակումը դիտվում է Իգդիրի խզվածքային գոտում, որտեղ տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղը 3.0 մագնիտուդով է:

Տարածաշրջանում էպիկնտրոնների հաջորդ կուտակումը դիտվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Մերձփոքրկովկասյան խզվածքային գոտուն մոտ: Այս ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի M=4.2:

Տարածաշրջանում էպիկնտրոնների հաջորդ կուտակումը դիտվում է Թուրքիայի տարածքում` Վանա լճի մոտ, որտեղ փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է երկրաշարժերի խումբ` ամենաուժեղ ցնցումը M=4.6 մագնիտուդով:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում (2011թ.) տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մագնիտուդների ֆոնային արժեքը, մինչեւ Վանի 7.2 մագնիտուդով երկրաշարժը, նորմայի սահմաններում է:

Այսպիսով, սեյսմոլոգիական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ.

այս տարվա հուլիս-սեպտեմբեր եռամսյակի ընթացքում երկրաշարժերի քանակական ֆոնը նախորդ տարիների (2009-2010 թթ.) հետ համեմատ բարձր է, սակայն այս տարվա կտրվածքով, այն նորմայի սահմաններում է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում մինչեւ Վանի Mw=7.2 մագնիտուդով երկրաշարժը գրացվել է 23 երկրաշարժ.

մինչեւ Վանի երկրաշարժը տարածաշրջանում քանակի դեֆիցիտ չէր նկատվում, սակայն Հայաստանի տարածքում եւ հարակից շրջաններում պահպանվում էր էներգիայի դեֆիցիտը, որը կարող էր լրանալ ինչպես մեկ երկրաշարժով, որի հնարավոր առավելագույն մագնիտուդը կլինի M=7.0, այնպես էլ մի շարք թույլ երկրաշարժերով` լրացնելով նշված դեֆիցիտը.

գրեթե նույն պատկերն է նաեւ M>4 երկրաշարժերի համար` սկսած 1962 թվից, որի դեպքում, սակայն, ուսումնասիրվող ժամանակահատվածից կախված էներգիայի դեֆիցիտը առավել մեծ է.

Վանի երկրաշարժով տարածաշրջանում տեղի է ունեցել անջատված էներգիայի դեֆիցիտի լրացում.

տարածաշրջանում սպասվող երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կարող է հասնել մինչեւ Mmax=5.5-6.0:

ՀՀ տարածքի ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը երկրաֆիզիկական եւ երկրաքիմիական տվյալներով

Մոնիթորինգային դիտակայաններից ստացված տվյալների ժամանակային շարքերում անջատվել են անոմալիաներ, որոնք ընդգրկված են ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման փաթեթում: Այդ անոմալիաների մի մասը ավարտուն են եւ նախորդել են Վանի եւ ՀՀ տարածքում տեղի ունեցած զգալի երկրաշարժերին, մյուս մասն էլ անավարտ են եւ կարող են հանդիսանալ սպասվող երկրաշարժերի նախանշաններ:

Ստորգետնյա ջրերի մակարդակի անոմալ փոփոխություններ են նկատվել Աշոցք, Եղեգնաձոր, Արտաշատ, Կարճաղբյուր եւ Սեւան կայաններում:

Ընդգետնյա ռադոնի կարճաժամկետ անոմալ փոփոխություններ դիտվել են Բավրա, Եղեգնաձոր, Կարճաղբյուր, Քուչակ, Մարտակերտ, Ստեփանավան եւ Վարդենիս կայաններում:

Երկրամագնիսաչափական տվյալների կարճաժամկետ անոմալ փոփոխություններ ունենք Արուճ, Բավրա, Եղեգնաձոր, Ջերմուկ եւ Ստեփանավան կայաններում:

Հիդրոերկրաքիմիական տվյալների անոմալ փոփոխություններ ունենք բոլոր կայաններում, մասնավորապես, Readiness ցանցի Արարատ կայանի ջրում լուծված ռադոնի, Eh պարամետրի եւ ջրի դեբիտի անոմալիաները:

Էլեկտրական դիմադրության անոմալ փոփոխություն է նկատվել Բերձոր (ԼՂՀ) դիտակայանում:

Երկրաֆիզիկական եւ երկրաքիմիական տվյալների վերլուծության համաձայն.

անոմալ տվյալներ ունեցող դիտակայանները տեղակայված են ՀՀ կենտրոնական եւ հարավային հատվածներում.

ըստ «Հույս» ծրագրով հաշվարկների, ընթացիկ առավելագույն սեյսմիկ վտանգի գոտին ՀՀ տարածքում գտնվում է Հրազդան քաղաքից 11 կմ հարավ (նկար 5)։

Այս համառոտ տեղեկանք-հաշվետվությունը պատրաստված է ՍՊՍԾ-ի մի խումբ մասնագետների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա: Այդ մասնագետներն են` Սոս Մարգարյանը, Գայանե Վարդանյանը, Հրաչյա Պետրոսյանը, Լիլիթ Սարգսյանը, Մարգար Ադիբեկյանը, Արմինե Խանգալդյանը, Անահիտ Հակոբյանը:

Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆ, «ՍՊԱԾ» գործակալության պետ

Ա. ՋԱՎԱԴՅԱՆ, «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ