News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 3-ին, հավանություն տվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին: Այն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է եւ նախատեսում է դեպի օդանավակայան ավտոմոբիլային նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցում։

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացրած հիմնավորման` ի նկատի ունենալով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից նոր ուղեւորատար համալիրի կառուցումը, որն իր հերթին կնպաստի ուղեւորների քանակի կտրուկ բարձրացմանը` անհրաժեշտություն է առաջանում նաեւ բարելավելու օդանավակայանի կապը մայրաքաղաքի եւ երկրի այլ խոշոր քաղաքների հետ: Աշխարհի բոլոր առաջատար պետություններում նշված խնդրի լուծման լավագույն տարբերակ է հանդիսացել օդանավակայանի եւ մայրաքաղաքի միջեւ երկաթուղային տրանսպորտի ապահովումը (արագընթաց գնացք, մետրո եւ այլն):

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղեւորատար տերմինալի շինարարության ավարտից հետո նախատեսվում է, որ տարեկան 1,6 մլն ուղեւորի փոխարեն նոր մասնաշենքը կարող է սպասարկել մոտ 3 մլն ուղեւորի:

Մշակվել է դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող երկաթուղային նոր գծի ծրագիր, որը թույլ կտա միեւնույն երկաթուղային գծով կապ հաստատել Զվարթնոց օդանավակայանի ուղեւորատար տերմինալի եւ «Չարբախ» մետրոպոլիտենի կայարանի հետ, իսկ բեռնային համալիրը` Կարմիր բլուր կայարանի հետ` արագընթաց գնացքի միջոցով:

Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տեւելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։

Միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը եւ Մաստեր պլանը նախապատրաստվել են Եվրոմիության ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ