Իրանը պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է «Կուրսոր»-ը:
«Իսրայելն անընդհատ սպառնում է Իրանին, դրանում ոչ մի նոր բան չկա»,-ասել է նա, ընդգծելով, որ ագրեսիայի ցանկացած փորձի Իրանը դաժանորեն կարձագանքի: «Մենք շատ վստահ ենք մեր վրա եւ պատրաստ ենք մեր երկրի պաշտպանությանը»,- ամփոփել է Սալեհին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը փորձում են երկրի խորհրդարանում անցկացնել մի որոշում, որով պետք է ռազմական հարվածներ հասցնեն Իրանին:
Նոյեմբերի 8-ին կհրապարակվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը` Իրանի միջուկային ծրագրի մասին: Հենց այդ զեկույցն էլ վճռական ազդեցություն կունենա Իսրայելի որոշման վրա:
Նախօրեին Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին առաջարկել է Իսրայելին ձեռնպահ մնալ Իրանի դեմ հարձակումից: Նա սպառնացել է, որ «սիոնիստների հարձակմանն ի պատասխան, Իրանի զինված ուժերը ջախջախիչ հարված կհասցնեն ԱՄՆ-ին եւ սիոնիստական ռեժիմին»:




























