Խոսքս ուզում եմ ուղղել իշխող քաղաքական ուժին. Ձեզ իրոք թվում է, որ ընդդիմությանը լռեցնելով եւ մանդատներից զրկելով դուք կարողանալու եք կրկին անգամ հանրությանը շեղել այն կարեւոր մարտահրավերներից, որոնք Հայաստանն ունի՞: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու այսօրվա՝ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց կուսակցություն» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ ավագանու նիստի օրկարգում է ավագանու ընդդիմադիր 5 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը՝ բացակայությունների հիմքով:
«Դուք բոլորդ լավ տեղյակ եք, որ վերջերս հրապարակվեց մի նյութ, որտեղ մանրամասն ներկայացնեց, թե 2023-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչպիսի քաղաքական կոռուպցիայի դրսեւորումներ են տեղի ունեցել, ինչպիսի կառուսել է գործել ՔՊ-ական պատգամավորին պատկանող բանկում, որտեղ քաղաքացիները, որոնք անտեղյակ են եղել 2,5 մլն դրամներ են վճարել նախընտրական հիմնադրամին: Այս ամենը թողած դուք թանկացնում եք տրանսպորտը, կարմիր գծերը, ու եկել եք ավագանիում ուզում եք լուծել մանդատների հարցը:
Զեկուցողը խոսում է, որ քաղաքական բոյկոտը ընդունելի ձեւ է, որը կատարվում է, բայց ձեր իսկ ընդունած կանոնակարգը չի նախատեսում քաղաքական բոյկոտը որպես հարգելի պատճառ: Նման թերի ընթացակարգերի դեպքում դու ոնց եք պատկերացնում քաղաքական պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր գործիչներին, այն բանի համար, որ իրենք բացահայտում են ձեր իսկ կատարած չարաշահումները:
Եթե դուք պետք է մանդատազրկեք ինչ-որ մեկին, դա հենց դուք եք, որովհետեւ ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ են տրվել շատ լուրջ ֆինանսական չարաշահումներ: Դրա արդյունքում լուրջ կասկածի տակէ դրվում ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Բոյկոտային տրամաբանությունն օրենքի մեջ կա, ուղղակի դրան չափ կա, որը հստակ օրենքում ներդրված է»:
Հիշեցնենք, որ այսօր ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:











