News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իտալական Սիենա քաղաքը, որը հայտնի է իր արվեստով ու գաստրոնոմիայով, իրական գայլերի սպառնալիքի տակ է հայտնվել։

Հռոմից մոտ 220 կիլոմետր հյուսիս գտնվող Սիենայի ծայրամասերում  գնալով ավելի հաճախ են նկատում փողոցներում անհոգ զբոսնող գայլերի, գրում է The Telegraph-ը։

Նման վերջին միջադեպը տեղի է ունեցել հունվարի վերջին, երբ զույգ գիշատիչներ են նկատվել Պորտա Կամոլիայում՝ Տոսկանա քաղաքի հյուսիսային ծայրամասում:

Նրանց տեսել է վարորդը, որին չի հաջողվել    լուսանկարել նրանց բջջային հեռախոսով։ Բայց նա այդ մասին տեղեկացրել է իշխանություններին, և պաշտոնյաները դեպքի վայրում գայլի արտաթորանք են հայտնաբերել:

Ընտանի կենդանիները, հատկապես կատուները, անհետանում են, իսկ մերձակա գյուղական վայրերում գտնվել են Իտալիայում գայլերի սիրելի որսի՝ այծյամի այլանդակված մնացորդները։

Գայլերը նկատվել են  քաղաքի կենտրոնից մի քանի մղոն հեռավորության վրա:

Իրավիճակն այնպիսի մտահոգություն է առաջացրել, որ քաղաքային խորհուրդն այս շաբաթ օգնության կոչով դիմել է Տոսկանայի շրջանային կառավարությանը և Շրջակա միջավայրի և հետազոտությունների բարձրագույն ինստիտուտին՝ ազգային մարմնին:

Գայլերի առկայությանը նպաստող գործոններից մեկն այն է, որ Սիենայի ծայրամասում գտնվող գյուղատնտեսական հողերի մեծ մասն այլևս չի մշակվում:

Այն վերածվել է թփուտների, որը բնակավայր է դարձել այծյամների ու վարազների համար և գրավում է գայլերին, ասել է քաղաքապետը։

Քաղաքային խորհուրդը ցանկանում է ազգային գյուղատնտեսական Coldiretti ասոցիացիայի հետ համատեղ լքված հողերը թփերից մաքրելու ծրագիր  սկսել:

Բնակիչներին նաև խորհուրդ է տրվել գիշերները իրենց ընտանի կենդանիներին տանը պահել  և  սննդի մնացորդները դուրս չնետել, ինչը կարող է գրավել գայլերին:

Գայլերին որսալը կամ նրանց վրա կրակելը տարբերակ չէ, քանի որ եվրոպական օրենքներն արգելում են նման գործողությունները:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ