News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը դիտարկո՞ւմ է ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցություն։

«Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները:
ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն: Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է նա:

Փաշինյանը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մյուս գործընկերոջ դեմ:

«Դեռ Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսվել, ես կարծեմ Չեխիայի CNN-ին հարցազրույց տալով ասացի, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է: Բայց նաև ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ