News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանն ունի ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի, այլև ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջնընթաց ունեցող այլ երկրների հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորը չակերտներ չբացեց, սակայն ընդգծեց՝ թեև պատերազմից հետո բավականին ծանր վիճակ էր՝ զենքի ձեռքբերման, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում վակուում էր, բայց այս հարցը «զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում լուծում ստացավ»։

«Ամեն դեպքում, մենք այսօր ունենք լուրջ պայմանագրեր ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման, ինչպես արդեն հայտնի է, Հնդկատանի, Ֆրանսիայի հետ և պետք է ասենք, որ մեծ տերություններ հանդիսացող և ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկրների հետ ևս ունենք պայմանագրեր։ Իհարկե այդ մասին չենք խոսելու, չենք ասելու, բայց միայն Ֆրանսիան և Հնդկաստանը չեն», - ասաց իշխանական պատգամավորը՝ շեշտելով՝ «վերջին մեկ-երկու տարում ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի արդյունքները շատ մոտ ապագայում կտեսնենք»։

Խաչատրյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը Ռուսատանի հետ էլ լուրջ ռազմատեխնիկական փոխհամագործակցության պայմանագրեր ունի և պարտավորություններ կան, որ Ռուսաստանը մասաբ կատարել է, բայց դեռ պետք է նաև կատարի։

«Մենք ձեռք ենք բերում այնպիսի զինատեսակներ, որոնք կարելի է համարել գերժամանակակից՝ գոնե չորրորդ-հինգերորդ սերնդի զենք ենք ձեռքբերում։ Մենք օգտագործած զենք ձեռք չենք բերելու։ Այսինքն՝ ուսումնասիրելով ժամանակակից պատերազմների մարտավարությունը՝ մենք նաև լուրջ վերլուծություներ ունենք, ինչպես նաև 44-օրյա պատերազմի դառը փորձից ելնելով, մենք արդեն գիտենք, թե ինչպիսի զինատեսակներ են պետք, և այն երկրները, որոնք ունեն այդ զինատեսակները և պատրատ են մեզ վաճառել այդ զինատեսակները, մենք, միանշանակ, համագործակցում ենք այդ երկրների հետ», - ասաց պատգամավորը։

Օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի առաջընթաց և հաջողություններ զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիայի հարցում։

«Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են մեր հիմնական գործընկերները, բայց նաև կան այլ երկրներ, որոնց չեմ ուզենա անդրադառնալ», - ասել էր նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ