News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ընտանի կենդանիների գլխաքանակը կանոնակարգելու և վերահսկելու նպատակով առաջիկայում կենդանիները  պարտադիր կհաշվառվեն և կնույնականցվեն իրենց տիրերի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն՝ ընդգծելով, որ չնայած այս մասով  այժմ Երևանի ավագանու որոշում կա,   բայց լծակները մի փոքր թույլ են:

«Առաջիկայում նախատեսում ենք որոշման փոփոխություն, որից հետո ընտանի կենդանիները պարտադիր պետք է հաշվառվեն կենդանիների համար նախատեսված միկրոչիպերով կամ դաջվածքներով։ Դրանից հետո էլ արդեն կնույնականացնենք կենդանուն տիրոջ հետ: Արդյունքում, կենդանու նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու դեպքում վարչական տույժի կենթարկվի»,- նշեց Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ կենդանիների հաշվառումը, չիպավուրումն ու նույնականացումը կարևոր ծրագիր է, որը մեծ թափով իրականացնելու են  2024 թվականին: Ըստ նրա՝  պետք է հիշել, որ թափառող կենդանիների մի զգալի մաս թափառող են դարձել հենց մարդկանց անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:

«Ըստ ընթացակարգի՝ քաղաքացիները կարող են մոտենալ իրենց վարչական շրջանների ղեկավար աշխատակազմի գրասենյակ և կենդանուն գրանցել հենց իրենց բնակության հասցում: Իսկ որպես տեր՝ գրանցվում է այն քաղաքացին, ով  կենդանուն պահելու պատասխանատվություն է վերցնում, որպեսզի հետագայում, եթե այդ կենդանին հայտնվի մեզ մոտ, նույնականացնելուց հետո հասկանանք, թե ով է տերը, և արդեն պատասխանատվության  ենթարկենք»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:

2023 թվականի ընթացքում  կենտրոնի կլինիկա է բերվել  3436 շուն, ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել է 2045 շուն, իսկ կատաղության դեմ վերապատվաստվել է 753 շուն: Քնեցված և անկած շների թիվը  2023-ին եղել է 603, տարիքով պայմանավորված չի ստերջացվել  35 շուն, իսկ որդեգրման է հանձնվել 104 շուն: Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 467 անկած կենդանու դի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ