Եթե Էդիկին պահեին հոգեբուժարանում, սրսկումներ անեին, բուժեին, այդ դեպքը չէր լինի: Այս էր Փափազյան 25 հասցեի բնակիչների զրույցի հիմնական թեման, երբ NEWS.am-ի թղթակիցն այցելեց նրանց: Այսօր առավոտյան Փափազյան 25 հասցեում շատ ոստիկաններ կային, եկել էր նաեւ «Շտապօգնության» մեքենան: Մահացել էր այդ շենքի բնակչուհի, ՌԴ քաղաքացի 69-ամյա Ռաիսա Իվանի Պոստոգովան:
Հարեւանները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ 69 ամյա Ռաիսան ամուսնալուծված էր, ուներ մեկ որդի եւ մեկ դուստր: Կինն ապրում էր որդու` 53-ամյա Էդիկի հետ, ով եւս ամուսնալուծված է կնոջից, ունի 3 երեխա` մեկ որդի, երկու դուստր:
Հարեւանների խոսքով` Էդիկը հոգեկան շեղումներ ուներ, մայրը երեք անգամ նրան ուղարկել էր հոգեբուժարան` բուժվելու: Նույնիսկ հարեւաններն էին բողոքում, «Շտապօգնություն» կանչում, նրան տանում հոգեբուժարան, սակայն այնտեղ, հարեւանների խոսքով, նրան չէին պահում, շուտ բաց էին թողնում. «Երեկ չէ, առաջին օրը տարել էին հոգեբուժարան, բայց նույն օրն էլ բաց էին թողել: Երբ բաց էին թողնում, ավելի կատաղած էր գալիս, թաղայինին ասում էինք` ասում էր` մենք լծակ չունենք, ոչինչ չենք կարող անել»,- պատմեցին հարեւանները` հավելելով, որ որդին պարբերաբար ծեծում էր մորը, քրոջը, նույնիսկ չէր թողնում, որ քույրն այցելի իրենց: Նրանց խոսքով` ոչ միայն ծեծում էր մորը, այլեւ «քաչալացրել էր»,հաց չէր տալիս, մայրն ամբողջ օրը կապտուկներով էր, սակայն երբ գալիս էին ոստիկանները, վախենում էր եւ ասում, որ տղան չի ծեծել: «Խելացի գիժ էր, տան դուռը փակում էր, որ մայրը դուրս չգար, հեռախոսն էլ անջատում էր, որ ոչ մեկին չկարողանա զանգել»,- պատմեցին հարեւանները` հավելելով, որ Էդիկը նույնիսկ մի անգամ զանգել էր ոստիկանին` ասելով, թե «արի մամայիս մոտ մնա, ես գնամ հացի»:
Նոյեմբերի 5-ի առավոտյան` ժամը 10-ի սահմաններում, հարեւաններից մեկի դուռը ծեծեցին երկու տղամարդ եւ հայտնեցին, որ Ռայան մահացել է: «Էսօր ձայն չենք լսել, ընդհանրապես ձայն չկար, սովորաբար երբ ծեծում է, ձայներ են լինում, կամ բարձով է խեղդել, կամ սալյարկա է խմեցրել»,- նշեց հարեւաններից մեկը: Նրանք չեն հավատում, որ կինը մահացել է, հարեւանները նշում են, որ Ռաիսան ուժեղ կին էր եւ տեղի ունեցածը միմիայն հոգեբուժարանի մեղքով է, քանի որ «էդ գժին դրսում են թողել»:
Ուշագրավ է այն, որ NEWS.am-ի թղթակցի` այցելության ժամանակ, եկել էին Ռաիսայի թոռները: Նրանցից մեկին` Արմենին տատիկը նվիրատվությամբ փոխանցել էր տունը: Երբ հարեւանները սկսեցին հանդիմանել նրան, թե «էս ոնց ա, որ տատուդ հիշել ես, տան հաշիվ կա՞ արդեն, բա ու՞ր էիր, որ հերդ ծեծում էր տատուդ», թոռնիկը պատասխանեց, որ ինքը այդ մասին չի իմացել եւ իր տատիկին ապահովել է ամեն ինչով` դեղորայքով, գումարով: «Դեղերը պետք չէին, հորդ տանեիր, որ տատիդ չսպաներ»,- ասացին հարեւանները, իսկ թոռը վերցրեց քննիչի համարը ու հեռացավ: Նոր տանտերը չկարողացավ մտնել տատիկից նվեր ստացած տունը, քանի որ տան դուռը կապարակնքել էին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ առավոտվա դեպքերից հետո մահացածին տարան դիահերձարան, իսկ որդուն` ոստիկանություն: Ոստիկանությունում նրան լսելուց հետո Էդիկին տեղափոխել են հոգեբուժարան: Նշանակված են մի շարք փորձաքննություններ, ընթանում է նախաքննություն՝ մահվան հանգամանքները եւ պատճառը պարզելու համար:











