News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը:

Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների անգամներով ավելացման պատճառները,  արտահանված և ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ու տարվա ընթացքում առաջացած խոչընդոտները:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 181 մլն 640.1 հազար դոլար: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Ավանդաբար մեծ մասնաբաժին ունեցող Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս պետությունների հետ առևտրի աշխուժացումն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան պայմանավորեց թիրախային քաղաքականությամբ: «Մեր հիմնական նպատակը, որը նախանշվել է նաև  տնտեսական քաղաքականության մեջ, պետք է լինի արտահանման դիվերսիֆիկացիան: Դիվերսիֆիկացիա իրականացնում ենք երկու հինական ուղղություններով՝ և՛ ԵԱՏՄ-ի շրջանակում ենք ուզում դիվերսիֆիկացնել, այսինքն՝ աշխուժացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, և՛ ԵԱՏՄ-ից դուրս: Որքան էլ աշխուժացնենք, բոլորիս համար հասկանալի է, որ թիվ 1 առևտրային գործընկերը մնալու է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի հետ կան ավանդական կապեր, և՛ տնտեսավարողները, և՛ սպառողները սովոր են»,-ասաց Մովսիսյանը:

Նա իրատեսական չի համարում, որ այն ծավալը, որ կա ՌԴ-ի հետ, կլինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ ևս: Սակայն ուրախալի է համարում հատկապես այն  հանգամանքը, որ առևտրաշրջանառության մեջ ավելի աշխուժ է արտահանման ցուցանիշը:

«Դա, բնականաբար, պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ԵԱՏՄ-ի շրջանակներում թիրախային ուղղությունը ներմուծման փոխարինումն է (խմբ․ երրորդ երկրներից ներմուծում)։ Գաղափարի հիմնական մեխն այն է, որ որքան հնարավոր է ավելի շատ միության ներսում կարողանանք ապրանքներ արտահանել և ներմուծել»,-ասաց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դրա համար որպես թիրախ է վերցվել նաև արտադրության զարգացումը, կոոպերացիոն նախագծերի իրականացումը:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2023-ին աճել է 40.8 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, աճել է 44.6 տոկոսով:

Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023-ին ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար՝ 2022 թվականի նկատմամբ ավելանալով 38.8 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 3 մլրդ 887 մլն 382.3 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 47.4 տոկոսով:

Հայաստանից Ղրղզստան արտահանման ծավալը 2022-ի նկատմամբ նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, իսկ Ղրղզստանից  ներմուծումը նվազել է 56 տոկոսով՝ կազմելով 436.4 հազար դոլար:   

Հայաստանից  Ղազախստան արտահանումը նախորդ տարի 2022-ի նկատմամբ աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար, իսկ Ղազախստանից ներմուծման աճը 23.6 տոկոս է՝ 29 մլն 163.4 հազար դոլար ծավալով:

2023-ին Հայաստանից Բելառուս արտահանվել է 91 մլն 929.9 հազար դոլարի արանք՝ 2022-ի նկատմամբ աճելով 19.5 տոկոսով, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Բելառուսից ներմուծումը նվազել է 18.4 տոկոսով՝ կազմելով 89 մլն 710.2 հազար դոլար:

Մովսիսյանի խոսքով՝ եթե 2021-2022 թթ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին հիմնականում (ըստ ծավալի նվազման) ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, ձուկ, լոլիկ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, ապա 2023-ին արտահանվել են հիմնականում հեռախոսային ապարատներ և այլ սարքեր, ադամանդ, ալկոհոլային խմիչքներ, մոնիտոր և պրոյեկտոր, երկաթահամաձուլվածք:

«Թեև ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում հիմնականում արտահանման կառուցվածքում են փոփոխություններ եղել, սակայն ներմուծման տեսանկյունից ևս նկատվում են կառուցվածքային փոփոխություններ»,-նշեց նախարարության պաշտոնյան:

2021-2022թթ. Հայաստանը ՌԴ-ից ներմուծել էր հիմնականում բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, անմշակ ալյումին, ոսկի, ցորեն, 2023-ին ներմուծել է ոսկի, բնական և հեղուկ գազ, ադամանդ, նավթ և նավթամթերք, անմշակ կամ կիսամշակ պլատին:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս պետություններին, ապա, եթե 2021-2022-ին Հայաստանը Բելառուս էր արտահանել հիմնականում ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, անմշակ կապար և այլն, 2023-ին արտահանել է հիմնականում հեռախոսային ապարատներ, ադամանդ, համակարգիչներ և դրանց բլոկեր, ալկոհոլային խմիչքներ, տպագրական սարքավորումներ, ներմուծել է ադամանդ, կաթ և սերուցք, մեքենա և սարք՝ բարձրացնելու, տեղափոխելու կամ բեռնաթափելու, անտառանյութ, փայտանրբաթելային սալիկներ և այլ ապրանքներ:

Հայաստանը 2023-ին Ղազախստան է արտահանել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, ներկեր և լաքեր, սառնարան, սառցարան և այլ սառեցնող սարքավորումներ, ներմուծել է ծխախոտային արտադրանք, երկաթից հարթ գլանվածք, էլեկտրական կուտակիչներ, անմշակ ալյումին, սարք՝ բնահող, հանքաքար, այլ պինդ հանքանյութ լվալու, աղալու, խառնելու և այլն:

2023-ին Հայաստանից Ղրղզստան են արտահանվել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, հագուստ, կենդանիների կեր, ներքին այրման մխոցային շարժիչ և այլն, Ղրղզստանից ներմուծվել են հեռախոսային ապարատներ, լոբազգի բանջարեղեն, չորացված մրգեր, մակարոնեղեն, հյութեր:

Խոսելով արտահանման նման ծավալների մեջ վերաարտահանման դերի մասին՝ Մովսիսյանն ընդգծեց, որ արտահանման աճի առյուծի բաժինը վերաարտահանումը չի ապահովել, սակայն, բնականաբար, որոշակի ծավալ ունի: «Արտահանված ապրանքներում կան այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանը չի արտադրում, օրինակ՝ մարդատար ավտոմեքենաները: Վերաարտահանման գործընթացը գտնվում է կառավարության ուժեղ հսկողության ներքո: Այդ մասով հաճախակի խորհրդակցություններ են անցկացվում, որ դա չհասնի այնպիսի ռիսկային վիճակի, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ կիրառվեն տարատեսակ պատժամիջոցներ»,-ասաց պաշտոնյան:

Ըստ նրա՝ պետությունը վերլուծություն է իրականացրել այն ապրանքների մասով, որոնք ավելի շատ են վերաարտահանման կառուցվածքում, ռիսկային են: Այդ մասով Էկոնոմիկայի նախարարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը սահմանել է հիմնական ապրանքները, որոնք դիտարկում է ռիսկային, երկակի նշանակության: Եթե նույնիսկ թույլատրվում է, որ այդպիսի ապրանքները Հայաստանից արտահանվեն ԵԱՏՄ անդամ պետություններ, երրորդ երկրներ, ապա դրանք անցնում են հստակ փորձաքննության ընթացակարգ, և դրանց համար տրամադրվում է համապատասխան թույլատվական փաստաթուղթ: Այսպիսով, Մովսիսյանի վստահեցմամբ՝ վերաարտահանման գործընթացը, որքան հնարավոր է, կանոնակարգված է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները  պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է...
Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են ՀԲ աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը
Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով...
Նոր սկսվող շինօբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, չենք ունենա այն, ինչը եղել է նախկինում. Վարդանյանը՝ Փաշինյանին
Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է…
Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են...
Այսուհետ մաքսային հսկողության գոտիներում անձինք եւ մեքենաները կարող են մուտք գործել միայն մաքսավորի թույլտվությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում սահմանեց մաքսային…
Ամենաշատ