News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2023թ․ օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ամփոփված արդյունքների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել է զեկույց, որը հրապարակվել է ԽԱՊԿ-ի՝ khosq.am կայքում և կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Այսպիսի մշտադիտարկումներն իրականացվում են նախևառաջ խոսքի ազատության հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը և համաչափությունը գնահատելու, առկա խնդիրները վերհանելու, ինչպես նաև լուծումներ առաջարկելու և դատական պրակտիկան բարելավելու համար:

ԶԼՄ-ների և լրագրողների գործունեությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում, և այս հետազոտությամբ հարց է բարձրացվում՝ արդյո՞ք դատարանները հաշվի են առնում նրանց առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը:

Ուսումնասիրությամբ նպատակ է դրվել պարզել, թե դատարանները վիրավորանքի ու զրպարտության առնչությամբ վեճերը քննելիս, դրանց վերաբերյալ վճիռներ ու որոշումներ կայացնելիս որքանով են հետևում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին, ՄԻԵԴ, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին։

Այս ուսումնասիրությունը ներառել է ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների 2022 և 2023 թվականներին ներկայացված դատական գործերը։ Ընդհանուր առմամբ այդ 2 տարում ներկայացվել է 71 նոր հայց (35-ը՝ 2022-ին, 36-ը՝ 2023-ին), որոնցից վարույթ են ընդունվել 56-ը․ 25-ը՝ 2022 թվականին, 31-ը՝ 2023-ին։ Վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով են․ 2022-ին դրանց թիվը 22 է, 2023-ին՝ 29։ Համաձայն մեթոդաբանության՝ դիտարկված գործերից առանձնացվել և մանրամասն՝ ըստ 7 չափանիշների, վերլուծվել են այն գործերը, որոնց վերաբերյալ կայացվել է առնվազն 1 դատական ակտ։

Հաշվի առնելով, որ 2023 թվականին վճիռներ են կայացվել նաև այն գործերով, որոնք հարուցվել են 2021 թվականին, մոնիտորինգային խումբը հետազոտության մեջ է ներառել նաև դրանք․ այդպիսիք 10-ն են։ Եվս 5 վերլուծված գործով հայցերը ներկայացվել են 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ վերլուծության է ենթարկվել 15 գործ։ Դրանցից 7-ով կայացված ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 8-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները տվյալ հետազոտության արդյունքները հրապարակելու պահին դեռ շարունակվել են։

Նախորդ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ 2021 թվականին վիրավորանքի և զրպարտության հիմքով ներկայացված դատական հայցերի քանակը հասել է 66-ի՝ հավասարվելով 2019-ի ցուցանիշին, 2022-ին կտրուկ իջել է՝ արձանագրելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակ, իսկ 2023-ին գրանցվել է որոշակի աճ։

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատարանները հաճախ նույն օրենքի դրույթներին տալիս են տարբեր մեկնաբանություններ, ինչն ինքնին արդար դատաքննության խախտում է․ նույնանման փաստերով գործերի միատեսակ իրավական մեկնաբանությունները կանխատեսելի արդարադատության կարևոր ցուցիչներից է։

Մտահոգիչ է նաև, որ դատարանները բարձրացրել են վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերը։ Ուշագրավ է, որ դրամական փոխհատուցումը դատարանները հիմնականում բավարարել են այն գործերով, որտեղ հայցվորները պաշտոնատար անձինք են։ Այս փաստը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանում դատարանները դեռևս լիարժեք անկախ չեն և որոշ դեպքերում պաշտոնյաների նկատմամբ անհիմն բարեհաճություն են դրսևորում, ինչը չի բխում օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքից։ Սա արատավոր երևույթ է, որը լուրջ խնդիրներ է առաջացնում արդարադատության և դրա նկատմամբ հանրային վստահության առումով:

Վերլուծված 15 գործերից 7-ում, այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ վեճը քննելիս, անտեսվել է փաստական տվյալները և գնահատող դատողությունները տարանջատելու հարցը, ինչը կարող է հանգեցնել ոչ իրավաչափ և վիճելի դատական ակտերի կայացման։ Սահմանադրական դատարանի թիվ 997 որոշումը  պահանջում է, որ կիրառվեն միատեսակ մոտեցումներ և նման դատական գործերով ի սկզբանե տարանջատվեն գնահատող դատողությունները փաստական տվյալներից:

Մի շարք գործերում մոնիտորինգային խումբը խնդիրներ է արձանագրել վիճարկվող արտահայտությունների արատավորող բնույթը և դիտավորության առկայությունը դատարանների կողմից որոշելու, պատշաճ պատասխանողի հարցը լուծելու, հայցի ապահովման միջոց կիրառելու, դատական ծախսերը սահմանելու ընթացքում։

Հայաստանյան դատական պրակտիկան միասնական մոտեցումներ չունի նաև գույքային և ոչ գույքային փոխհատուցման պահանջների բավարարման հարցերում: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատարանները բարձրացրել են վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերը։

ԽԱՊԿ-ի բազմամյա հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ վիրավորանքի և զրպարտության գործերով կայացված դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանված։ Մինչդեռ, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների որոշումները պետք է ունենան հիմնավոր պատճառաբանություններ, որոնցում կերևա կողմերի լսված լինելը և որոնք կապահովեն արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ