News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, «Ազատության ուղի» խմբակցության ղեկավար տիկին Զոի Կոնստանտոպուլուն, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի և ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամ տիկին Նինա Կասիմատին, ակադեմիական ոլորտի, ինչպես նաև հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն, որը տեղի է ունենում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպատակ ունի երկկողմ շփումները վերածել գիտական ոլորտում երկարաժամկետ և հեռանկարային կապերի զարգացման և ընդլայնման, ինչը Հայաստան-Հունաստան հարաբերությունների ամրացման հիմք կհանդիսանա, նշեց դեսպանը:

Նա նշեց նաև, որ հայագիտության կենտրոնի գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում։ ՀՀ դեսպանն ընդգծեց այն փաստը, որ Դեմոկրիտուս համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնումը բոլորովին պատահական չէ, այն մի շարք քննարկումների արդյունքում ընդունված որոշում է՝ հիմնված այն կարևոր փաստի վրա, որ Համալսարանն ունի բավարար ներուժ և մեծ հետաքրքրություն հայագիտությունը զարգացնելու հարցում։ Կարևոր է նաև տարածաշրջանում առկա կենսունակ հայ համայնքը և եկեղեցին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն կենտրոնի աշխատանքներին այսուհետ։ Դեսպան Մկրտչյանը հատկապես կարևորեց համալսարանի՝ ռազմավարական կարևոր տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, և որ այն ունի արևելագիտական ուսումնասիրությունների բավական զարգացած ավանդույթներ։

Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշեց, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են, և այսօր ստորագրված պայմանագիրը պաշտոնապես մեծ հնարավորություններ է բացում հայագիտությանը նվիրված ուսումնասիրությունների համար: Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:

Միջոցառմանը հաջորդեց հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն»,- ասված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ