News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Այս տարի Երևանում նախատեսվում է կառուցվել 400 թեքահարթակ: Ծրագրի իրագործման համար համայնքային բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել: Նոր թեքահարթակները կտարբերվեն նախորդ տարիների օրինակներից ու կլինեն առավել հարմարավետ: Առաջին էսքիզներն արդեն պատրաստ են:

«Լինելու են երեք տեսակի թեքահարթակներ՝ մեկ, երկու և երեք մոտեցմամբ՝ հաշվի առնելով տեղում ռելիեֆն ու մի շարք այլ հանգամանքներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:

Թեքահարթակների երեսպատումը լինելու է չհղկված բազալտից, որպեսզի հետիոտները չսահեն հատկապես ձմեռային ամիսներին: Երկրորդ նորամուծությունը նոր տեսակի սալիկներն են, որոնք օգնելու են տեսողության խնդիրներ ունեցող հետիոտներին:

«Դրանք լինելու են դեղին գույնի, հատուկ մշակված սալիկներ, որոնք տեսողության խնդիր ունեցող հետիոտնին ցույց են տալու ուղղություն, թե որ կողմում է գտնվում թեքահարթակը: Եզրերում ունենալու ենք այլ տեսակի սալիկներ»,-մանրամասնում է Տիգրան Գեղամյանը:

Թեքահարթակները կկառուցվեն այն վայրերում, որտեղ դրանք առհասարակ չկան: Հասցեներն ընտրվում են՝ հաշվի առնելով հետիոտնի հոսքն ու շահառուների կարծիքներն ու առաջարկները:

«Եթե կա աստիճան և թեքահարթակ տարբերակ, մարդկանց 90 տոկոսը նախընտրում է քայլել թեքահարթակով, որովհետև ավելի հեշտ  է»,- ասում է  մատչելիության փորձագետ Սիփան Ասատրյանը:

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կհայտարարի նախագծման, որից հետո արդեն շինարարական աշխատանքների մրցույթ: Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել մինչև տարեվերջ:

«Բոլորս պետք է ակտիվ մասնակցություն ունենանք, որպեսզի քաղաքը լինի առավել մատչելի: Պետք է հասկանալ, որ սա նաև տնտեսական օգուտներ կարող է բերել, զբոսաշրջիկներ կներգրավի, ովքեր խնդիրներ ունեն տեղաշարժման»,- ասում է  Սուրեն Մաղաքյանը:

«Քաղաքը մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար, մատչելի է դառնում տարեց մարդկանց համար, ովքեր դժվարությամբ եմ տեղաշարժվում, երեխաների համար, մանկասայլակով մայրիկների համար: Քաղաքի մատչելիությունը միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ, բոլորը պետք է օգտվեն»,-ընդգծում է Սիփան Ասատրյանը:

Տեսողական, լսողական ու նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքային իշխանությունն այսօր զուգահեռ մի շարք աշխատանքներ է տանում. նախատեսվում է ավելացնել մայթերին ուղեկցող սալիկները,  փողոցներին՝ հատուկ գծանշումները, նաև ձայնային ազդանշանով լուսացույցները:

Տպել
Ամենաշատ