News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել՝ ձերբակալման հիմքերը վերանալու հիմքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ռոմեն Երիցյանը։

Նա հայտնել է, որ Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել, քանի որ թմրանյութեր պահելու և դրանք իրացնելու կասկածները չեն հաստատվել։

«Ուզել են կեղծ մեղադրանք առաջադրել ինձ, ինչը չի հաջողվել»,- փաստաբանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Դանիելյանը ձերբակալվել էր փետրվարի 20-ին։ Նրա պաշտպանը հայտնել էր, որ այդ օրը Տերյան փողոցից Աբովյան փողոց երթեւեկելու ընթացքում նրա դիմացի հատվածն արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խստիվ խախտելով:

«Մոտ 20-ցի ավելի  դիմակավորված անձինք ֆիզիկական բռնություն կիրառելով հանել են եմքենայից, ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետեւ նստեցրել իր իսկ մեքենայի հետեւից նստատեղին եւ այդ մեքենայով տեղափոխել համապատասխան բաժին»,- հայտնել էր պաշտպանը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր անդրադարձել էր կատարվածին և հայտարարել, որ իր թիկնապահի դեմ շինծու գործ է հարուցվել։

«Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝  դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները:

Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- հայտարարել էր Շահրամանյանը:

Տպել
Ամենաշատ