News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

2024 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրի համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կկատարվի վերաբաշխում 638 միլիոն 444 հազար գումարի չափով, որը կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև վորքաութ տեսակի մարզահրապարակների նախագծմանն ու կառուցմանը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

173,6 միլիոն դրամ կհատկացվի 2 մարզադպրոցների համար, որոնք կկառուցվեն Արմավիրի մարզում: 10 վորքաութ տեսակի մարզահրապարակների համար կհատկացվի 4,6 միլիոն դրամ: Մարզահրապարակները կկառուցվեն Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, իսկ ավելի կոնկրետ՝ Ճամբարակ, Բերդ, Ջերմուկ, Կապան քաղաքներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց վորքաութ տեսակի մարզաձևը՝ ընդգծելով, որ այն աշխարհում ավելի ու ավելի պոպուլյար է դառնում:

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,- ասաց վարչապետը, ապա ընդգծեց, որ մեխանիզմներ է պետք ստեղծել, որպեսզի մարդիկ դա օգտագործեն, ուստի նաև Վորքաութի ֆեդերացիան այստեղ անելիք ունի:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ենթակառուցվածքները ստեղծելուց հետո ֆեդերացիան պատրաստ է սկսել աշխատանքները, որպեսզի երիտասարդներին և շահագրգիռ քաղաքացիներին ներգրավեն:

«Մրցույթների պլաններ էլ կան, մենք կարծում ենք՝ այդ մրցույթներն ավելի կտարածվեն: Լավ նորություններից մեկն էլ այն է, որ ֆեդերացիան հաջողության պատմություն ունի, Հայաստանում որոշակի չափով տարածել են [մարզաձևը], բայց ենթակառուցվածքների բացակայությունը որոշակի խոչընդոտներ է ստեղծել: Ենթակառուցվածքների ստեղծումը հնարավորություն կտա ավելի մեծ թափով և ավելի լայն շրջանակներ ներգրավել գործընթացի մեջ»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ