News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն։

Տիկին ֆոն Քրամոն, դուք Մյունխենում էիք անվտանգության համաժողովի օրերին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։ 

Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը բավականին տագնապալի էր բոլորի համար։ Դժվար էր գտնել լավատեսական մտքերով մարդկանց։ Բայց սա է իրականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Բալկաններում, նույնիսկ Բալթյան երկրներում։ Իհարկե, նաև Ուկրաինայում, Գազայում և այլ վայրերում: Կարծում եմ, որ այն, ինչը մենք առնվազն կարող ենք որպես դրական զարգացում ընդունել, հետևյալն է՝ եվրոպացիները շատ ավելի միասնական են, քան անցյալում: Գրեթե բոլորը հասկացան, որ առանց կոշտ անվտանգության՝ չկա անվտանգություն, խաղաղություն և կայունություն: Եթե ունես ագրեսիվ հարևան, եթե ունես մեկը, ով կցանկանար հարձակվել քեզ վրա՝ դու պետք է պաշտպանվես: Կարծում եմ, որ դա էր համաժողովի ընդհանուր և բավականին գերիշխող թեման:

Դուք մասնակցեցիք մի փակ քննարկման, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը և որքանո՞վ լսելի եղան  Հայաստանի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ։

Նրա ելույթը և փաստարկները, կարծում եմ՝ բացարձակապես արդարացված են, լեգիտիմ և շատ կառուցվածքային: Այնպես որ, Հայաստանին քննադատելու բան չկա: Ես նույնպես նրան բացեիբաց ասացի՝ կարծում եմ, որ Հայաստանն արեց բոլոր ճիշտ քայլերը, որ խնդրել էինք մենք և մյուս գործընկերները։ Այսպիսով, եթե խոսենք արժանիքների վրա հիմնված գործընթացի մասին, ապա կարծում եմ, որ Հայաստանը ստանում է բոլոր միավորները և արժանիքները, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ բան են արել։

Բայց, տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա «Նախիջևանի հետ – խմբ.», ի՞նչ ենք անելու: Ես կասկածում եմ, թե Ալիևի համար իրական սպառնալիք կլինի։

Ադրբեջանի արածի նկատմամբ շոշափելի արձագանք չի լինի, այդպես եմ տեսնում։ Մտահոգությունը, որ Ալիևը կարող է միավորվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և նրանց հետ, ովքեր տարածաշրջանում են՝ շատ մեծ է։ Ադրբեջանի դեմ իրական ռազմավարություն մշակելու փոխարեն մենք ակտիվացնում ենք հարաբերությունները: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նաև Թուրքիային չի կարող ձեռնտու լինել այն, որ Ադրբեջանն այդքան գերիշխող է։

Համաժողովի ընթացքում ձեր երկրի՝ Գերմանիայի նախաձեռնությամբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Ո՞րն էր այս հանդիպման հիմնական քննարկումն ու արդյունքը, և ինչո՞ւ էր կանցլերի համար կարևոր նման նախաձեռնություն ցուցաբերելը:

Ես չեմ խոսել կանցլերի կամ նրա կողքին գտնվող որևէ մեկի հետ։ Բայց կարող եմ ենթադրել, որ նրանք կցանկանային խուսափել, որ ԵՄ-ն դիտվի որպես միայն Հայաստանի գործընկեր, ընկալվի, որ ԵՄ-ն ամբողջությամբ Հայաստանի կողքին է և միայն Հայաստանին է աջակցում։ Գաղափարը դեռևս պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության, խաղաղության համաձայնագրին օժանդակող գաղափար. մեզ ձեռնտու է նաև համագործակցել Ալիևի հետ, որպեսզի համոզվենք, որ նա մեջքով չի շրջվի մեզ: Դեռ հույս ենք դնում այս շատ կառուցողական մոտեցման վրա: Առանց բարձր անվտանգության և առանց համոզվելու, որ կարմիր գիծ է լինելու, պատժամիջոցներ են լինելու, ես չեմ կարծում, որ Ալիևը կփոխի իր ուղղությունը։

Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները շատ խիստ էին: Նա հայտարարեց, որ ԵՄ-ն կարմիր գծեր ունի և դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքն են և նրա սահմանները, եթե Ադրբեջանը չհարգի, դա կբերի ծանր հետևանքների։ Սակայն, մինչ բոլորն անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Ադրբեջանը շարունակում է զինվել, շարունակում է սպանել հայ զինվորներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված լինելով։ Արևմուտքը տեսնո՞ւմ է այս ամենը։ Ի՞նչ բացատրություն ունեք։

Դե, ճիշտն ասած, բացատրություն չկա: Նաև իմ ամենամեծ մտահոգությունն է այն, որ մինչև այժմ 2020-ին, նաև՝ 2023-ին որևէ հետևանք չի եղել:  ինչպես ասացիք, անցյալ շաբաթ զինվորների սպանությունը նույնպես որևէ հետևանք չի ունեցել: Բորելի խոսքերը շատ մակերեսային են, չեմ կարծում, որ դրան կհետևեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, քաղաքական մեկուսացում կլինի, կդադարեցնենք Ադրբեջանի գազը գնել կամ այդ ուղղությամբ պատժամիջոցներ կիրառել: Մինչև այժմ որևէ մեկի կողմից նման բան չի արվել, միգուցե փոխե՞ն ուղին, չգիտեմ…

Հայաստանը, թեև չի հրաժարվում երկկողմ բանակցություններից, բայց գերադասում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններն ընթանան և խաղաղության պայմանագիրը ստորագրվի ինչ-որ միջազգային հովանու ներքո, որպեսզի դրանք ավելի մեծ կշիռ ունենան։ Արդյոք ԵՄ-ն և/կամ Գերմանիան պատրա՞ստ են ստանձնել նման պատասխանատվություն:

Ես իսկապես կցանկանայի կարողանալ Ձեզ դրական պատասխան տալ, բայց իմ մտահոգությունն առայժմ կախված  է... Կա մեծ քաղաքական կամք, և դուք տեսնում եք, որ մենք ուժեղացրել ենք քաղաքացիական առաքելությունը, որպեսզի իսկապես փորձենք բացել մեկ այլ մոնիտորինգ: Մենք օգնում ենք տնտեսության հարցում, ավելի շատ օգնում ենք փախստականներին, և դա հիանալի է։ Այնպես որ, ներգրավվածությունը շատ է, պետք չէ թերագնահատել և չնկատել, թե դա ինչ է նշանակում այս պահին երկրի կայունացման համար։

Հարցական է մնում միայն այն, թե Ալիևի հնարավոր հերթական հարձակման դեպքում իրական պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե ոչ: Այդ հարցում ես դեռ կասկածներն ունեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց».  Նոյեմբերյանում վիճակը լարված է
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է...
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Այդ մարդիկ իրենց կյանքում այդպիսի էակներ չեն տեսել, նրանց դժվար է համոզել, որ այդպիսի բան հնարավոր է…
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետերը չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի…
Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին կարող ենք համարել մե՞րը. Միհրան Մախսուդյան
Ստում են, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. եթե…
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական…
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների ԱԱԾ-ից հայտնում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է...
Ամենաշատ