News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ֆերմերների ասոցիացիաներն ու գյուղացիական արհմիությունները, որոնք բերքի մթերման գների բարձրացման հիմնական պահանջով բողոքի ակցիաներ են անցկացնում, ուրբաթ օրը սգո օր են հայտարարել և ցուցադրաբար այրել վարչապետ Նարենդրա Մոդիի խրտվիլակը։ Ըստ The Print-ի՝ ցուցարարները նաև այրել են ներքին գործերի նախարար Ամիտ Շահի և նահանգի գլխավոր նախարար Հայրանա Մանոհարա Լալ Խաթթարի խրտվիլակները՝ մեղադրելով նահանգի ոստիկանությանը իրենց դեմ «չհիմնավորված ուժ» կիրառելու մեջ:

Ցուցարարներն այդկերպ սգացել են չորեքշաբթի օրը Փենջաբ և Հարյանա նահանգների սահմանին ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհված ֆերմերի մահը։ Անցյալ շաբաթ հազարավոր ֆերմերներ բողոքի երթ էին սկսել Հնդկաստանի մայրաքաղաքում, սակայն անվտանգության ուժերը կանգնեցրել էին նրանց քաղաքից մոտ 200 կիլոմետր դեպի հյուսիս և կիրառել ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին վեց մարդու մահվան մասին, սակայն մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է 22-ամյա Շուբկարան Սինգհ Սանգուրի մահը։ Ֆերմերների ղեկավարները նաև պահանջում են Գերագույն դատարանի դատավորի կողմից բողոքող ֆերմերի մահվան կապակցությամբ դատական հետաքննություն անցկացնել և 10 միլիոն ռուփի (մոտ 120,000 դոլար) վճարել որպես փոխհատուցում մահացածի ընտանիքին:

Ֆերմերները նաև ասել են, որ փետրվարի 26-ին հանրապետության մայրուղիներով տրակտորային երթեր կանցկացնեն, իսկ մարտի 14-ին՝ մայրաքաղաքում գյուղատնտեսության ոլորտի աշխատողների ընդհանուր ժողով:

Բողոքի երթը սկսվել էր փետրվարի 13-ին։ Այս ամբողջ ընթացքում իշխանությունները փորձում են համոզել ֆերմերներին դադարեցնել բողոքի ակցիան, սակայն նրանք մեղադրում են կառավարությանը համաձայնության չգալու մեջ։ Չորեքշաբթի օրն իշխանությունները կրկին բողոքող ֆերմերներին հրավիրել էին բանակցությունների նոր փուլ անցկացնելու։ Ֆերմերներից դեռ արձագանք չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ