News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական սիրախաղի բուն նպատակը մեկն է՝ վանել Ռուսաստանին տարածաշրջանից եւ հայ հասարակության շրջանում պատրանք ստեղծել, թե իբր Ֆրանսիան կարող է հուսալիորեն փոխարինել Ռուսաստանին որպես ռազմական դաշնակից, քանի որ իբր Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Թե ինչու Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ, այդ կետից սկսվում են նիկոլական մանիպուլյացիաներն ու կեղծիքները: Գործ ունենք ընդամենը աշխարհաքաղաքական մեծ սցենարի մեկ բաղադրիչի հետ, որի նպատակը Ռուսաստանին Կովկասից վանելն է՝ Ռուսաստանի համար այստեղ հնարավոր առավելագույն խնդիրներ ստեղծելով»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, որ Ֆրանսիայից սպառազինություն գնելով Հայաստանը իր անվտանգության խնդիրներն է լուծում, Ջամալյանն ասաց. «Իհարկե, գովելի է, որ երկրի ղեկավարությունը կարողանում է արտաքին ակնառու սպառնալիքի ֆոնին տարբեր ուժային կենտրոններից ապահովել սպառազինության մատակարարումներ: Ավելորդ զենք չի լինում պատերազմի ժամանակ: Ամբողջ խնդիրն ու ինտրիգն այն է, որ այդ զուգահեռ մատակարարումները այլ ուժային կենտրոններից, պետք է իրականացվեն ռազմավարական դաշնակցից ստացվող հիմնական մատակարարումներին չհակադրվելով: Մենք ունենք ռազմական դաշինք Ռուսաստանի հետ, որ անխափան գործել է: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման մասով երբեւէ լուրջ խնդիրներ չեն եղել: Եղել են տեխնիկական հարցեր, ձգձգվել են, բայց դրանք լուծվել են:

Ռազմավարական առումով սպառազինության մատակարարումները գործել են անխափան: Հիմա երբ դու սպառազինություն ես բերում Ֆրանսիայից, բերում ես Ռուսաստանի հետ հակադրմամբ, դու ոչ թե անվտանգության խնդիր ես լուծում, այլ ավելի ես թուլացնում քո պաշտպանունակությունը, ավելի վատթարացնում ես քո անվտանգությունը: Որովհետեւ որեւէ երկիր չի կարող ամբողջ ծավալով փոխարինել ՌԴ-ին մեր սպառազինության կարիքների բավարարման հարցում: Միակ երկիրը, որն կարող է ամբողջական ծավալով բավարարել մեր կարիքները, Ռուսաստանն է, հետո Իրանը:

Այս երկու երկրներն են, որ ունակ են մեզ ապահովել ժամանակակից, արդյունավետ, ֆունկցիոնալության առումով իրենց դրական կողմերից իրենց դրսեւորած սպառազինության մատակարարումներով: Ֆրանսիան, լավագույն դեպքում, կարող է լրացնել մեր սպառազինության զինանոցը, բայց փոխարինել չի կարող»,- հայտարարեց ռազմական փորձագետը:

Նա նկատեց, որ ֆրանսիացիների արտադրական հզորությունները սահմանափակ են, իրենք պետք է բավարարեն ուկրաինական կարիքները. «Զուգահեռաբար, Ռուսաստանն իր պրոքսի ուժերով Ֆրանսիային դուրս է մղում Աֆրիկայից: Ֆրանսիան չունի այնքան ներուժ, որ ռազմական ուժով իր տեղն ու դերը վերականգնի Աֆրիկայում, թողնում ու դուրս է գալիս: Ֆրանսիան հիմա իր ռազմաքաղաքական անկման նվազագույն կետում է: Մենք քառօրյա պատերազմում կիրառել ենք 30 հազար արկ, այն դեպքում, երբ առաջին արցախյան պատերազմի ողջ ընթացքում կիրառել ենք մոտ 4 հազար արկ:

Մեզ հաստատուն, անխափան, լիարժեք ծավալով ռազմական մատակարարումներ կարող է ապահովել միայն Ռուսաստանը: 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական 102-րդ բազան դատարկվել էր ուղղակի:

Ֆրանսիան չի կարող լինել հուսալի զենքի մատակարար: Գումարած, ունենք լոգիստիկայի խնդիր Ֆրանսիայից զենքը Հայաստան հասցնելու հետ: Զենքը կգա միայն Վրաստանի տարածքով, իսկ Վրաստանը կարող է ցանկացած պահի կարող է թույլ չտալ, ձգձգել մատակարարումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ