News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի որոշ շրջաններում աշխատանքի տեղավորման եւ վարձատրման հարցը շատ սուր է, իսկ բարձր մրցակությունն աշխատանքի շուկայում այնտեղ հանգեցնում է այն բանին, որ մարդիկ ստանում են ամիսը 20-30 դոլար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Իսկ Հայաստանում հնդիկները կարող են ամսական 300-700 դոլար վաստակել։ Այստեղ նրանք կոմպակտ են բնակվում, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ուտելիքի եւ կեցության ծախսերը։ Դա թույլ է տալիս նրանց իրենց վաստակի զգալի մասն ուղակել Հնդկաստան՝ հարազատներին։ Ուստի Հայաստանը հարմար երկիր է նրանց համար»,- նշել է նա։

Մակարյանն ավելացրել է, որ այդ միգրացիոն միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում. նման պատկեր կար նաեւ մի քանի տարի առաջ Եվրոպայում, երբ շատ թափուր տեղեր զբաղեցնում էին օտարերկրյա աշխատողները։ Նույնը տեղի է ունենում Ռուսաստանում, նույն հայերը գնում են այնտեղ կամ այլ երկրներ՝ վաստակի համար։

Փորձագետը կարծում է, որ եթե ակտիվանում է շինարարությունը, որտեղ էլ հիմնականում աշխատում են հնդիկները, ինչպես եւ Հայաստանի մարզերում, ապա նրանք սկսում են այնտեղ տեղավորվել այդ ոլորտում։

«Դա նրանց ավելի շատ է ձեռնտու, քանի որ ծախսերը կկրճատվեն։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի 7-8 մարզերում սոցիալ-տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, եւ անգամ տեղի բնակիչներն են այնտեղ դժվարությամբ աշխատանք գտնում։ Ուստի իրադարձությունների այսպիսի զարգացումը լուրջ մրցակցություն եւ ռիսկեր կստեղծի մարզերի աշխատաշուկայում։ Երեւանում նման խնդիր առայժմ չկա»,- նշել է Մակարյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի աշխատաշուկայում կան բազմաթիվ թափուր տեղեր, որոնք Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում լրացնել, այդ թվում աշխատավարձի չափի պատճառով։

Մակարյանը տեղեկացրել է, որ առաքիչների, շինարարության, ինչպես նաեւ քլինինգային ոլորտի աշխատողների բավական բարձր պահանջարկ կա։

«Հայաստանում տեղաբնակներն այնքան էլ հաճույքով չեն գնում այդ աշխատանքներին։ Եթե նրանք այդպիսի ձգտում ունենային, նրանք արդեն տեղավորված կլինեին այն աշխատանքներում, որտեղ այժմ համաձայնում են աշխատել հնդիկները։ Հայաստանում, պաշտոնական տվյալներով, կա մոտ 180 հազար գործազուրկ»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ